ԱՄՆ Պետդեպարտամենտի վաճառքի պաշտպանության վերահսկողության բաժինը Liberator ատրճանակի հեղինակ Քոդի Ուիլսոնից պահանջել է ընդհանուր հասանելիությունից ջնջել դրա թվայնացված մոդելը: Այս մասին հաղորդում է Forbes-ը:
Պահանջը Ուիլսոնին է ներկայացվել նամակի տեսքով, որը նա ստացել է մայիսի 9-ին: Գերատեսչությունը պնդում է, որ զինագործը ջնջի Defcat կայքից CAD ձևաչափի 10 ֆայլ: Դրանք պարունակում են վերոնշյալ ատրճանակի թվային մոդելները և դրա, այսպես ասած, «աքսեսուարները», մասնավորապես՝ խլացուցիչը և նշանառության սարքը:
Նամակում նշվում է, որ մոդելների լուսանկարները պետք է ջնջվեն՝ դրանց տարածման իրավաբանական ասպեկտները քննելու անհրաժեշտության հետ կապված: Իսկ Ուիլսոնը կարող է դառնալ զենքի վաճառքի վերաբերյալ միջազգային օրենսդրությունը խախտող:
Ուլսոնը ենթարկվել է պաշտոնյաների պահանջին:
Զինագործը, սակայն, նշել է, որ ԱՄՆ Պետդեպարտամենտն ի զորու չէ խանգարել Liberator ատրճանակի մոդելների տարածմանը:
Հիշեցնենք, որ Քոդի Ուիլսոնն իր ստեղծած ատրճանակը, որը «տպագրվում է» 3D պրինտերի միջոցով, և որի բոլոր մասերը պլաստիկից են, ներկայացրել էր մայիսի 6-ին։









































