Տնտեսապես Հայաստանի ամենավատ վիճակում գտնվող մարզը շարունակում է մնալ Շիրակի մարզը: Այստեղ, ըստ պաշտոնական վիճակագրության տվյալների, աղքատ է ամեն երկրորդը, գործազուրկ` քաղաքներում բնակվողներից ամեն երրորդը: Դա աղքատության ու գործազրկության միջին ցուցանիշներից ավելին է (երկրում միջինը աղքատ է ամեն երրորդն ու գործազուրկ` ամեն հինգերորդը):
Պատահական չէ, որ նախագահական ընտրություններում իշխանության տապալումից հետո դժվարությամբ հնարավոր եղավ գտնել մեկին, ով կհամաձայներ այստեղ մարզպետ աշխատել: Ամենասարսափելին այն է, որ իրավիճակն այս մարզում գնալով վատթարանում է: Դա երևում է ինչպես սովորական այցելությունից (միայն մշտապես քանդվող ասֆալտը հերիք է), այնպես էլ` պաշտոնական վիճակագրության արձանագրած տվյալներից: Եթե, օրինակ, անցած տարի արդյունաբերական արտադրանքի ծավալը ողջ երկրում աճեց մոտ 9%-ով, ապա Շիրակի մարզում նվազեց մոտ 12%-ով:
Աղքատության մակարդակով հանրապետության միջինից բարձր են նաև Կոտայքի (45.5% աղքատություն), Լոռու (45.4%), Արարատի (39.3%), Գեղարքունիքի (37%) և Արմավիրի (37%) մարզերի ցուցանիշները: Ընդ որում, եթե Շիրակի ու Լոռու մարզերում ինչ-որ տեղ տրամաբանական է աղքատության բարձր մակարդակը, ապա նույնը չես ասի Կոտայքի մարզի համար, որի բարեկեցության հարցը պետք է որ անտարբեր չթողներ միլիարդատեր Գագիկ Ծառուկյանին:
Արդյունաբերական արտադրանքի ծավալը 2009-ից 2012թթ. Կոտայքում զգալիորեն աճել է, բայց դա, ինչպես տեսնում ենք, հանգեցրել է ոչ թե աղքատության նվազման, այլ աճի: Սա նախևառաջ խոսում է հարստության անհավասարաչափ բաշխման մասին: Ի դեպ, 2001 թվականից մարզպետ աշխատող Կովալենկո Շահգալդյանի վատ աշխատանքը երևում է նաև մարզպետարանի կայքից, որտեղ ալարել են թարմացնել մարզի սոցիալ-տնտեսական վիճակի մասին տվյալները 2011-ի առաջին եռամսյակից հետո:
Եթե կառավարությունը մարզպետներին նշանակելիս առաջնորդվի նրանց աշխատանքով ու մարզի տնտեսական վիճակով, ապա Կովալենկո Շահգալդյանից հետո պետք է աշխատանքից ազատի նաև Արմավիրի ու Արագածոտնի մարզպետներ Աշոտ Ղահրամանյանին (մարզպետ է 2006-ից) ու Սարգիս Սահակյանին (մարզպետ է 2009-ից): Արմավիրում միջին բարձր ու շեշտակի աճող աղքատությանը զուգահեռ` նկատվել է արդյունաբերական արտադրանքի նվազում 2012-ին, իսկ Արագածոտնում արդյունաբերության անկումը 2012-ին ավելի քան 14% է եղել: Արմավիրը նաև ծայրահեղ աղքատության ամենաբարձր աճ արձանագրած մարզն է:
Տնտեսապես ամենահաջողված մարզերը, թերևս, Սյունիքը, Տավուշն ու Վայոց ձորն են: Այս մարզերում միջինից զգալիորեն պակաս աղքատություն է և վերջին տարիներին նկատվել է արդյունաբերական արտադրանքի ծավալների հաստատուն աճ: Սյունիքի մարզի պարագայում, թերևս, ամեն ինչ տրամաբանական է` այնտեղ է Հայաստանի ամենախոշոր հարկատուներից մեկը` «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը», որը, շնորհիվ միջազգային շուկայում պղնձի գների աճի, վերջին տարիներին բարգավաճել է:






































