ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունը կարծում է, որ շրջափակված տարածքներում իսրայելական բնակավայրերի շինարարության դադարեցումը և բանտերից պաղեստինցի բանտարկյալներին ազատ արձակելը անհրաժեշտ պայմաններ են երկու ժողովուրդների միջև ուղիղ բանակցությունների վեսկսման համար: Ինչպես հաղորդում է ITAR-TASS-ը, այս մասին հայտարարել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունը:
Նա խոստացել է իր կողմից անել հնարավոր ամեն ինչ, որպեսզի նպաստի մերձավորարևելյան խաղաղ գործընթացին: Դրա հետ մեկտեղ գլխավոր քարտուղարը համոզմունք է հայտնել, որ ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի և պետքարտուղար Ջոն Քերիի՝ տարածաշրջան կատարած այցը պաղեստինա-իսրայելական կարգավորմանը կարող են տալ երկար սպասված խթան:
Պան Գի Մունի խոսքով՝ այժմ կողմերը փոխադարձ հարգանքի հիմքի վրա պետք է ստեղծեն «արգասաբեր մթնոլորտ»՝ ուղիղ բանակցությունները վերսկսելու համար:
«Որպեսզի դա հնարավոր դառնա, ես Իսրայելի իշխանություններին կոչ եմ արել ստեղծել համապատասխան մթնոլորտ՝ հրաժարվելով բնակավայրերի շինարարության ծրագրից և ազատ արձակելով բանտարկյալներին, որոնք պահվում են իսրայելական բանտերում»,- ընդգծել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը:
Նա նաև նշել է, որ մերձավորարևելյան գործընթացը փակուղուց հանելու համար անհրաժեշտ է քաղաքական և ֆինանսական աջակցություն ցուցաբերել Պաղեստինի ինքնավարության նախագահ Մահմուդ Աբասին՝ պաղեստինցի խմբավորումների շրջանում նրա հեղինակությանն աջակցելու նպատակով:









































