Իշխող կոալիցիայում Անգելա Մերկելի դաշնակից, Բավարիայի վարչապետ և Քրիստոնեա-սոցիալական միության առաջնորդ Հորստ Զեհոֆերը նամակ է հղել դաշնային կանցլերին, որում սպառնացել է դատի տալ նրան և նրա կառավարությանը, եթե փախստականների հոսքը չկանգնեցվի: Այս մասին հայտնում է RIA Novosti-ն:
Նամակում Զեհոֆերը Մերկելին կոչ է անում Ավստրիայի հետ սահմանում բացել կենտրոններ, որոնք կկարողանան արագացնել քաղաքական ապաստանի տրամադրման Գերմանիայի պահանջներին չհամապատասխանող ներգաղթյալների արտաքսումը:
Ինչպես հայտնել են Բավարայի վարչապետի գրասենյակից, Մերկելը նամակին պետք է պատասխանի մինչև ուրբաթ, որից հետո այն կհրապարակվի:
Գերմանիայի սոցիալ-դեմոկրատական կուսակցության առաջնորդ Թոմաս Օպերմանի կարծիքով՝ դաշնային կանցլերին ուղղված «սպառնալից նամակը» փաստորեն «կոալիցիայի ներսում պառակտման հայտարարություն է»:
Հունվարի կեսերին Զեհոֆերը արդեն վերջնագիր էր ներկայացրել Մերկելին՝ խոստանալով դիմել Սահմանադրական դատարան, եթե երկու շաբաթվա ընթացքում գերմանական սահմանում կարգուկանոնը չվերականգնվի:








































