Գերմանիայի արտգործնախարար Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերը կոչ է արել չմոռանալ անցյալի դասերն ու մերժել հասարակությունում խտրականության, բնակչության ցանկացած խմբի նկատմամբ ատելության ու ագրեսիայի ցանկացած ձև։ Այս մասին հայտնում է RIA Novosti-ն։
Այսօր աշխարհում նշվում է Հոլոքոստի զոհերի հիշատակի միջազգային օրն ու Օսվենցիմի ազատագրման 71-րդ տարելիցը։ Հենց այս օրն են Կարմիր բանակի զինվորներն ազատագրել մահվան նացիստական ճամբարը։
«Այս օրը կոչ է անում մեզ չմոռանալ մարդկանց ճակատագրի մասին, ովքեր այժմ ապաստան են փնտրում Եվրոպայում։ Մարդկանց մեծ թիվը, ովքեր մեր երկրում պաշտպանություն են փնտրում հետապնդումից, ատելությունից, պատերազմից ու ահաբեկչությունից, արթնացնում է նաև վախեր, որոնք մենք ընկալում ենք շատ լուրջ։ Որովհետև եթե այլ հավատքի կամ մտածելակերպի մարդիկ չեն կարող այլևս Եվրոպայում իրենց անվտանգ զգալ, ապա մեզնից ոչ ոք չի կարող իրեն այդպես զգալ»,- ասել է արտգործնախարարը։
Շտայնմայերը նշել է, որ Եվրոպայում անդադար կպայքարեն խտրականության ու ռասիզմի ցանկացած ձևի դեմ, այդ թվում՝ դրանով կզբաղվի Գերմանիան ԵԱՀԿ-ում իր առաքելության շրջանակում։












































