ԱՄՆ-ում ձերբակալվել է Միլուոկիի բնակիչը, որը ծրագրել էր զանգվածաբար գնդակահարել մարդկանց՝ գրում է Journal Sentinel-ը: Իշխանությունները հայտարարել են, որ 23-ամյա Սամի Մոհամեդ Համզան ծրագրել էր հարձակվել մասոնական Հեմֆրի եկեղեցու վրա և սպանել տասնյակ մարդկանց: Նա կալանքի տակ է առնվել և մեղադրվել զենքի անօրինական պահման մեջ:
Համզան 17 տարեկանում ԱՄՆ է ժամանել Պաղեստինից և ծնողների հետ հաստատվել Միլուոկիում:
Համաձայն քրեական գործի նյութերի՝ Համզան պարապել է հրաձգարանում, գնացել է եկեղեցի՝ էքսկուրսիայի: Ավելի ուշ նա իրեն գործընկեր համարած մարդկանց հետ քննարկել է հարձակման մանրամասները: Իրականում «գործընկերները» եղել են FBI-ի ինֆորմատորները:
Համզայի խոսքով՝ «մասոնները աշխարհի հետ խաղ են խաղում, իսկ մարդիկ չգիտեն՝ ինչ է տեղի ունենում»: Կասկածյալը հայտարարել է, որ պաշտպանում է մուսուլմանական կրոնը և խոստացել է «բոլորին ոչնչացնել»՝ մանրամասն կազմելով մասոնական կենտրոնի վրա հարձակման ծրագիրը:












































