Թուրքիայից սննդամթերքի մատակարարումների էմբարգոն Ռուսաստանում կարող է առաջացնել սննդամթերքի գնաճ և սրել Մոսկվայի հարաբերությունները ԵՏՄ գործընկերների հետ։ Այս մասին, ինչպես փոխանցում է RIA Novosti-ն, ասվում է տնտեսական մոնիթորինգում, որը պատրաստվել է Գայդարի ինստիտուտի և Ժողտնտեսության ու պետական ծառայության ռուսական ակադեմիայի կողմից։
«Թուրքիայից ներկրման փոխարինումն այլ երկրներից մատակարարումներով կամ հայրենական պտուղ-բանջարեղենային արտադրանքով կարող է հանգեցնել ռուսական շուկայում գների բարձրացման»,- ասվում է փաստաթղթում։
Փորձագետները չեն բացառել Անկարայի կողմից պատասխան արգելքի սահմանումը Թուրքիա ռուսական սննդամթերքի մատակարարումների վրա։ Ընդ որում, նրանք նշել են, որ ռուսական սննդամթերքի արտահանումը Թուրքիա արժեքով գերազանցում է Ռուսաստան թուրքական մթերքների մատակարարումներին։
Բացի այդ, փաստաթղթի հեղինակները հիշեցնում են, որ ռուսական էմբարգոյին չեն միացել ԵՏՄ մյուս անդամերը։ Փորձագետների կարծիքով՝ նման իրավիճակը կարող է վատթարացնել հարաբերությունները դաշնակից երկրների միջև ռուսական շուկայում արգելված մթերքների հայտնվելու պատճառով։








































