Սերժ Սարգսյանը վճռական է ԲՀԿ-ի երկակի խաղերը բացառելու գործում: Այսօր «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում այս մասին ասաց Հայաստանի Քաղաքագետների միության նախագահ, քաղաքագետ Հմայակ Հովհաննիսյանը՝ անդրադառնալով կառավարության նորանշանակ կազմին և ՀՀ սպորտի ու երիտասարդության հարցերի ԲՀԿ-ական նախարար Հրաչյա Ռոստոմյանի չվերանշանակմանը:
Հմայակ Հովհաննիսյանն ասաց, որ այն, ինչ տեղի ունեցավ, սպասելի էր. երդմնակալության արարողությունից հետո նշանակելով վարչապետին և ԱԳ ու պաշտպանության նախարարներին՝ նախագահը մյուս նախարարների հարցը թողեց Երևանի ավագանու ընտրություններից «հետոյին»: Ըստ Հմայակ Հովհաննիսյանի՝ քանի որ վերջին ընտրությունների արդյունքները ոչ իշխանական ուժերի համար անմխիթարական էին, սպորտի ԲՀԿ-ական նախարարը դուրս մնաց վերանշանակված նախարարների կազմից, քանի որ պաշտոնապես ԲՀԿ-ն իշխանական կոալիցիայում չէ:
«Գագիկ Ծառուկյանին պարզ հասկացրին, որ ամեն ինչ հնարավոր է, երբ ապրիլի 24-ին Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում նրան հնարավորություն չտվեցին պաշտոնատար անձանց համար նախատեսված ճանապարհով վերադառնալ արարողությունից: Ցույց տրվեց, որ իշխանությունը մտադիր է ճանճերին կոտլետից զատել՝ բացառելով ԲՀԿ-ի հնարավորությունը՝ միաժամանակ հանդես գալ և՛ ընդդիմադիր դիրքերից, որպես քննադատող, և՛շարունակել տեղեր զբաղեցնել իշխանության ներսում:
Չի բացառվում, որ Գագիկ Ծառուկյանի՝ ՀԱՕԿ նախագահի պաշտոնից հեռացնելու հարցն էլ դրվի. իշխանությունը ցույց տվեց, որ դա ևս կարող է լինել: Բայց, ըստ իս, դա նախարարություն չէ, քաղաքական պաշտոն չէ, ու այդ հարցը կարող է լուծվել ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նորանշանակ նախարարի հետ խորհրդակցության արդյունքում: Եթե նորանշանակ նախարարը գտնի, որ Ծառուկյանի պաշտոնավարումը արդյունավետ է, ապա նա, կարծում եմ, կշարունակի պաշտոնավարել. պետք է որոշվի սպորտի նախարարի հետ խորհրդակցության արդյունքում»,- մեկնաբանեց Հմայակ Հովհաննիսյանը:
Նա հավելեց,որ Սերժ Սարգսյանը վճռական է՝ բացառել երկակի խաղը և այդ ոչ իշխանական ուժի անվան տակ իշխանությունից օգտվելու և միաժամանակ ընդդիմադիր դաշտում սեփական մկանները ցույց տալու գործելակերպը:
Քաղաքագետի համոզմամբ՝ եթե քաղաքական ուժը որոշակի քայլեր է ձեռնարկում, պետք է պատրաստ լինի ինչպես հաջողությունն օգտագործելուն և վայելելուն, այնպես էլ անհաջողության ու ձախողման բոլոր բացասական հետևանքները տանելուն: «Սա է քաղաքական պայքարի տրամաբանությունը»,- ընդգծեց Հմայակ Հովհաննիսյանը:











































