ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին հայտարարել է համաշխարհային կոռուպցիայի դեմ ԱՄՆ պայքարի ուժեղացման մասին, քանի որ այն սնում է հանցավորությունը, ծայրահեղականությունը և հասարակության հիասթափությունը, ինչն էլ նպաստում է փախստականների գլոբալ ճգնաժամին: Այս մասին նա հայտարարել է Դավոսի Համաշխարհային տնտեսական ֆորումում ելույթ ունենալիս՝ հայտնում է AP-ն:
Նրա խոսքով՝ ԱՄՆ-ը կկրկնապատկի իր ջանքերը կոռուպցիայի դեմ պայքարում և այն կդարձնի ազգային անվտանգության առաջնահերթություն: Կոռուպցիան համաշխարհային տնտեսությանը տարեկան արժենում է $2,6 տրիլիոն՝ հավելել է նա:
Քերին նաև ընդգծել է, որ կոռուպցիան, ինչպես նաև պետության անարդյունավետ կառավարումը կամ առաջացրել, կամ նպաստել են Իրաքում, Նիգերիայում, Սիրիայում, Ուկրաինայում, Լիբիայում և Եմենում ճգնաժամային իրավիճակին՝ այդպիսով այն դարձնելով ոչ միայն ներքին, այլև միջազգային խնդիր:
Ինչպես հայտնում է Politeka-ն, հունվարի 21-ին Ջոն Քերին հայտարարել է, որ Սիրիայում և Իրաքում ԴԱԻՇ-ի դիրքերը մինչև 2016 թվականի վերջը լրջորեն կթուլանան:








































