Փետրվարի 5-7-ը Կիպրոսի Լիմասոլ քաղաքում տեղի կունենա մարզական կարատեյի մինչև 21 տարեկանների Եվրոպայի առաջնությունը: Մրցաշարին` Հայաստանի հավաքականը կներկայանա 9 մարզիկներով, իսկ 18-21տ խմբի` 60կգ քաշային կարգում Հայաստանը կներկայացնի Էրիկ Գևորգյանը:
1in.am Sport-ի հետ զրույցում Էրիկն անդրադարձավ նախապատրաստական փուլին ու նշեց, որ հագեցած մարզումներից հետո պատրաստ է առաջնությանը։
«Սպասվում է բավականին ուժեղ պայքար: Մարզումների նախապատրաստական փուլը անցել է բավականին հագեցած: Եղել են ամենօրյա 1-2 մարզումներ, ինչպես նաև ուսումնամարզական հավաքներ: Աշխատել ենք ջանասիրաբար, որպեսզի փայլուն կարողանանք ներկայանալ մրցաշարին»,- նշեց նա:
Մարզիկին հովանավորել է գործարար Արտյոմ Մամիկոնյանը, ով իր գործունեությունը ծավալում է Ռուսաստանի Դաշնությունում։ Մարզիկը մեզ հետ զրույցում նշեց, որ առանց գործարարի աջակցության հնարավոր չէր լինի ըստ արժանվույն ներկայանալ մրցաշարին։
«Անձամբ ինձ հովանավորել է ռուսաստանցի գործարար` Արտյոմ Մամիկոնյանը: Հիմա առաջնային նպատակս Կիպրոսի` երիտասարդական Եվրոպայի առաջնությունում մեդալ նվաճելն է: Այս մրցաշարից բացի այս տարի ունեմ ևս մի քանի շատ կարևոր մրցաշարեր, որոնցից կառանձնացնեմ մայիս ամսին Ֆրանսիայում կայանալիք մեծահասակների Եվրոպայի առաջնությունը, հուլիսի 12-25-ը Խորվաթիայում կայանալիք Եվրոպական ուսանողական Խաղերը, օգոստոս ամսին Պորտուգալիայում կայանալիք կարատեյի համալսարանային Աշխարհի առաջնությունը։
Տարվա ամենակարևոր ստուգատեսը կլինի նոյեմբեր ամսին։ Ավստրայում կկայանա մեծահասակների աշխարհի առաջնությունը»,- ասաց Գևորգյանը:







































