Անվտանգության դաշնային ծառայության նախկին սպա Ալեքսանդր Լիտվինենկոյի սպանության մասին Մեծ Բրիտանիայում հրապարակված զեկույցն անհանգստություն է առաջացրել ԱՄՆ-ում, Վաշինգտոնը Լոնդոնին կոչ է անում շարունակել հետաքննությունը: rosbalt.ru-ի հաղորդմամբ՝ այսպիսի հայտարարությամբ հանդես է եկել Պետդեպի ներկայացուցիչ Մարկ Թոները:
«Կարելի է վստահաբար ասել, որ մենք լրջորեն մտահոգված ենք Լոնդոնի կողմից Ալեքսանդր Լիտվինենկոյի մահվան հետաքննության արդյունքներով: Նրա սպանությունը սարսափելի հանցագործություն է, և, ինչպես մենք արդեն ասել ենք, մեղավորները պետք է պատասխանատվության ենթարկվեն»,- նշել է նա:
Խոսելով Լիտվինենկոյի մահվանը ռուսական իշխանությունների հնարավոր մասնակցության մասին՝ Թոներն այդ մեղադրանքներն անվանել է «անշուշտ, շատ լուրջ»:
Լոնդոնում հինգշաբթի հրապարակվել է ՌԴ հատուկ ծառայությունների նախկին աշխատակից Լիտվինենկոյի մահվան հետաքննության արդյունքների մասին զեկույց: Սքոթլանդ-Յարդի վարկածով (Լոնդոնի ոստիկանություն)՝ ռադիոակտիվ պոլոնիում-210 նյութը, որի թունավորումից մահացել է Լիտվինենկոն, նրա թեյին են խառնել ՌԴ Լիբերալ-դեմոկրատական կուսակցությունից Պետդումայի պատգամավոր Անդրեյ Լուգովոյը (Լիտվինենկոյի նախկին գործընկերը Անվտանգության դաշնային ծառայությունում) և գործարար Դմիտրի Կովտունը, որը նախկինում եղել է Գլխավոր հետախուզական վարչության աշխատակից։









































