Հայաստանի գավաթի եզրափակիչում «Շիրակի» նկատմամբ տոնած հաղթանակից հետո «Փյունիկի» պաշտպան Տարոն Ոսկանյանը զրուցեց ակումբի պաշտոնական կայքի հետ:
Հարցին, թե արդյոք իրեն հերոս զգո՞ւմ է, Տարոնը պատասխանեց.
-Հերոս ինձ զգում եմ միայն խաղընկերներիս հետ միասին, մեր ամբողջ թիմին եմ հերոս համարում, որ կարողացանք այսպիսի բարդ մրցակցի հետ խաղում դրական արդյունքի հասնել ու նվաճել գավաթը:
-«Փյունիկի» այս սերնդի համար սա առաջին տիտղոսն էր…
-Այո, ներկայիս կազմից շատ քիչ ֆուտբոլիստներ էին նվաճել գավաթը: Դա մեզ լրացուցիչ շարժառիթ էր տալիս, որ ամենինչ անենք հաղթանակի հասնելու համար: Կարծում եմ` այս տիտղոսը լրացուցիչ վստահություն կհաղորդի մեր տղաներին մյուս խաղերում ավելի լավ հանդես գալու համար: Այս հաղթանակը մեր հիշողության մեջ կմնա ամբողջ կյանքում, քանի որ առաջինն էր մեզ համար:
-Կարելի՞ է ասել` ռևանշի ձգտումը լրացուցիչ մոտիվացիա էր:
-Առաջնության խաղում մենք զիջել էինք գյումրեցիներին ու ցանկանում էինք ռևանշի հասնել: Գիտեինք, որ շատ դժվար է լինելու: Կարծում եմ` «Շիրակը» ներկայումս մեր երկրի ամենաուժեղ թիմն է իր կազմով: Շատ ուրախ եմ, որ հաղթեցինք և ռևանշի հասանք:
-Նորից ստանդարտ դիրք ու ամենաարագը դու կողմնորոշվեցիր:
-Ստանդարտ խաղարկումների ժամանակ մենք նույնպես միանում ենք գրոհներին: Այս անգամ շատ լավ դիրքում ստացա գնդակը և մնում էր միայն գրավել դարպասը: Ուզում եմ գոլս նվիրել հորս հիշատակին, ով անժամանակ հեռացել է կյանքից: Վստահ եմ` նա միշտ իմ կողքին է և տեսնում է ինձ վերևից: Ամենաշատը նա կուրախանար իմ այս հաջողությամբ:







































