Եթե Սիրիան հրաժարվի ճգնաժամի քաղաքական կարգավորումից, դա կհանգեցնի երկրի փլուզման, և տարածաշրջանում քաոս կստեղծվի: Ինչպես հաղորդում է APA գործակալությունը, այս մասին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ համատեղ մամլո ասուլիսի ժամանակ:
«Սիրիայում իրավիճակի խաղաղ կարգավորման այլընտրանքը հետևյալն է՝ կմեծանա բռնությունը, կխորանա մարդասիրական ճգնաժամը, երկիրը կարող է բաժանվել մի քանի մասի, հնարավոր են էթնիկ զտումներ»,- ասել է Քերին և հավելել, որ այս ամենը սպառնում է տարածաշրջանի կայունությանը:
Ռուսաստանի ԱԳ ղեկավար Սերգեյ Լավրովն իր հերթին նշել է, որ Սիրիան պատրաստ է բանակցություններ վարել Ժնևյան պայմանավորվածությունների շրջանակներում:
Լավրովն ասել է, որ ԱՄՆ-ը և Ռուսաստանը պայմանավորվել են օգտագործել բոլոր հնարավորությունները՝ Սիրիայի կառավարությանը և ընդդիմությանը բանակցությունների սեղանի շուրջ նստեցնելու համար:





































