Մայորկայի դատարանը հանել է Իսպանիայի արքայադուստր Քրիստինայի դեմ մեղադրանքը, որը կասկածվում էր կաշառակերության մեջ, և չեղյալ է հայտարարել նախորդ վճիռը, որի համաձայն՝ արքայադուստրը ներգրավված է եղել իր ամուսնու կողմից բյուջեի միջոցների հափշտակման մեջ, հաղորդում է Life News-ը:
Ապրիլի 4-ին Իսպանիայի իշխանությունները թագավոր Խուան Կառլոս 1-ինի կրտսեր դստերը կարգադրել էին ներկայանալ դատարան, որտեղ քննվում է նրա ամուսնու դեմ ներկայացված մեղադրանքը: Արաքայադստեր փաստաբաններն անմիջապես բողոքարկել էին այս վճռի դեմ:
Այս դեպքը երկրում առաջինն է, երբ թագավորական ընտանիքի անդամներից մեկը կասկածվում է հակաօրինական գործողությունների մեջ:
44-ամյա Ինակի Ուրդանգարին՝ արքայադստեր ամուսինը, հետաքննության մեջ է հայտնվել 2011 թ. վերջին: Իշխանությունների տվյալներով՝ նա յուրացրել է մասնավոր նվիրատվությունների գումարները, որոնք 2004-2006 թթ. փոխանցվել են իր Noos բարեգործական հիմնադրամին:
Հիմնադրամն ընդհանուր առմամբ ստացել է 6 միլիոն եվրո՝ սպորտային միջոցառումներ կազմակերպելու համար, սակայն դրանց մի մասն արդյունքում հայտնվել է նրա մի քանի ընկերությունների հաշիվներին:
Իսպանիայի իշխող դինաստիայում ծագած սկանդալը հանգեցրել է նրան, որ թագավորական պալատն Ուրդանգարինին հեռացրել է ցանկացած հրապարակային միջոցառումներից:










































