Սաուդյան Արաբիան գիտակցում է, որ միջուկային զենքի ձեռք բերումը չափազանց բարդ իրագործելի խնդիր է և չի բարձրացնի երկրի անվտանգության մակարդակը Իրանի հետ հարաբերություների կտրուկ վատթարացման լույսի ներքո: TASS-ի հաղորդմամբ՝ այս մասին երկուշաբթի CNN-ին տված հարցազրույցում ասել է ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին:
«Չի կարելի պարզապես վերցնել ու ռումբ գնել, ինչպես նաև փոխանցել այն»,- նշել է Քերին: Նրան հարցրել են այդպիսի քայլի հավանականության մասին՝ հաշվի առնելով, որ Սաուդյան Արաբիան բավարար ֆինանսական միջոցներ ունի տեսականորեն միջուկային զենք ձեռք բերելու համար: Ի պատասխան՝ Քերին հիշեցրել է, որ միջուկային զենքերի չտարածման ռեժիմի խախտումը կհանգեցնի ծանր հետևանքների, որոնց մասին թագավորության իշխանությունները չեն կարող չիմանալ:
«Շատ հետևանքներ կան,- նշել է ԱՄՆ պետքարտուղարը:- Ես նկատի ունեմ, որ կարող են շատ լուրջ բարդություններ լինել: Եվ Սաուդյան Արաբիան, ես հավատում եմ, գիտի, որ ինքը չի լինի ավելի մեծ անվտանգության մեջ: Եվ դա (միջուկային զենքի ձեռք բերումը) հեշտ գործ չի լինի, որովհետև նրանք (Սաուդյան Արաբիայի իշխանությունները) կհայտնվեն այն նույն բաների (պատժամիջոցների) ներքո, որոնց միջով անցավ Իրանը չտարածման ռեժիմի, ստուգումների և այլնի առումով»:
Իրանի և Սաուդյան Արաբիայի հարաբերությունները վատացել են հունվարի 2-ին թագավորությունում հայտնի շիա մահմեդական շեյխ Նիմր ալ-Նիմրի մահապատժի իրագործումից հետո, և Իրանում մեծամասնություն կազմող շիա մահմեդականների մի խումբ ավերեց և հրկիզեց Սաուդյան Արաբիայի դեսպանատունը: Ի պատասխան՝ Էր-Ռիադը հունվարի 3-ին խզել է Թեհրանի հետ դիվանագիտական հարաբերությունները:












































