Ռուսական RIA Novosti լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ԱՄՆ-ն ու Իրանը կիրակի կարգավորել են 400 միլիոն դոլարի իրանական միջոցների վերաբերյալ բազմամյա վեճը, որը «սառեցվել» էր 1979 թվականին երկու երկրների միջև դիվանագիտական հարաբերությունների խզումից սկսած։ Այդ մասին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին։
Քերիի հայտարարությունը տարածել է ԱՄՆ պետդեպարտամենտը, դրանում ասվում է, որ այդ միջոցները գտնվել են վստահության հիմնադրամում, որը ստեղծվել է Իրանի կողմից ամերիկյան սպառազինություն գնելու համար։
Վեճը լուծվել է Հաագայի հատուկ տրիբունալում։ Ընդ որում՝ վճարումներն ընդգրկում են ոչ միայն 400 միլիոն դոլարի «սառեցված» միջոցները, այլև տվյալ գործի շրջանակներում իրականացված մոտ 1.3 միլիարդ դոլարի բռնագանձումներ։
Քերին հիշեցրել է, որ նախորդ տարիներին ամերիկյան ընկերություններն ու քաղաքացիները կարողացել են տրիբունալի միջոցով Իրանից ստանալ ավելի քան 2.5 միլիարդ դոլար։










































