«Առաջին լրատվական»-իզրուցակիցն է հայագետ, հրապարակախոս Նազենի Ղարիբյանը:
– Շատ է խոսվում, որ մեզանում գաղափարներ չեն գեներացվում, կա իդեաների համընդհանուր պակաս, և դա միայն Հայաստանում չէ, համաշխարհային խնդիր է: Դուք երկար ժամանակ՝ հատկապես 2008թ. հետո, ակնդետ ուշադրությամբ հետևում էիք Հայաստանում նաև քաղաքական մտքի զարգացումների, հասարակական տրամադրությունների ընթացքին: Ձեր դիտարկումները՝ այսօրվա վիճակի վերաբերյալ:
– Այդ գաղափարական ճգնաժամի մասին արդեն 20 տարի է խոսվում է, բայց միայն խոսվում է, այսինքն՝ ճառ ասող կա, բայց զանգ կախող այդպես էլ չի հայտնվում: Գաղափարական ճգնաժամից խոսում են բոլորը, նաև Եվրոպայում: Եվրոպայում շատ-շատ է դա զգացվում, իսկապես կա գաղափարական սով, նոր, այլընտրանքային գաղափարների, մեթոդաբանության խնդիրների, քաղաքական խնդիրների և փիլիսոփայական առումով, մտքի առումով, նաև արվեստում:
– Իսկ այն սովը, որ նկատի ունենք այստեղ՝ Հայաստանում, կապ ունի՞ Եվրոպայում փնտրվող գաղափարական սովի հետ:
– Ես կարծում եմ, որ կապ ունի անուղղակի կերպով, բայց դա արդարացում չէ, որովհետև ինչո՞ւ մենք պետք է սպասենք, որ Եվրոպայից այդ գաղափարը գա: Վերջին 500 տարում անընդհատ այնտեղից է գալիս, ընդ որում՝ միշտ մեզ է հասնում միջնորդավորված կերպով:
– Խեղված, փաթեթավորված…
– Այո, ուրիշ աչքերով նայված եվրոպական իրականություն. լավ թե վատ, դա ենք ունեցել: Դա շատ-շատ արատավոր կեցվածք է ձևավորել մեզ մոտ, որը դարձել է բնավորության գիծ, աշխարհայացք, այսինքն՝ մենք այսօր չենք մտածում, որ ինքներս կարող ենք որևէ բան անել, որ մեր փոքրիկ, նվաստ, թույլ երկրից կարող է որևէ մեծ գաղափար ծնվել, մենք չունենք այդ գիտակցությունը, և եթե չենք փնտրում, չենք գտնի: Այսինքն՝ եթե չենք կենտրոնանում դրա վրա, իրականում չի գա:
– Իսկ արտաքին քաղաքական կողմնորոշումներն այստեղ ի՞նչ գործ ունեն անելու:
– Կարծում եմ՝ շատ մեծ գործ ունեն անելու: Գաղափարների ճգնաժամ է, նոր գաղափարներ են պետք, դրանք օդում չեն, չէ՞, դրանք ինչ-որ մի տեղից պետք է սկսել, և այդ տեղը այսօր Հայաստանում, ինձ թվում է, թերևս, քաղաքական կողմնորոշման մեջ է, և ոչ ներքին քաղաքական կողմնորոշման. ներքին քաղաքականը կարծես շրջապտույտի, դատարկության մեջ պտտվող անիվի նման է, որովհետև ներքին փոփոխություն չի կարող լինել, հնարավոր չէ Հայաստանում, եթե արտաքին քաղաքականության մեջ փոփոխություն չկա: Եվ կարծում եմ, որ նոր գաղափարների մի փոքր դաշտ, չասեմ խոհափիլիսոփայական կամ մեծ մտքի և այլն, այլ շատ կոնկրետ քաղաքական կամ քաղաքագիտական գաղափարների դաշտ կարող է ստեղծվել, եթե որևէ մեկը՝ ընդդիմությունը կլինի, թե իշխանությունը, դա ինձ այլևս չի հետաքրքրում, որևէ այլընտրանքային բան կբերի:
– Եվ ի՞նչ տեսք պետք է ունենա դա, որպեսզի հնարավոր լինի թարմություն բերել երկիր:
– Դա պետք է լինի արտաքին կողմնորոշման տեսքով: Եթե մի քանի տարի առաջ լիներ, ես կասեի, որ Հայաստանը պետք է գիտակցի, որ ինքը պետք է դառնա սուբյեկտ, գործող անձ, նախաձեռնություն ցուցաբերի:
– Դուք այդ մասին շատ եք գրել, իսկ այսօ՞ր:
– Ոչ միայն ես, ես դա ժառանգություն եմ ստացել Տիգրան Հայրապետյանից: Այսօր էլ ես ընթերցում եմ և տեսնում եմ, որ այնտեղ պոտենցիալ մտքեր և լուծումներ կան, որ կարելի է նաև այսօր գործադրել: Երբեք ուշ չէ. մինչև նավը չխորտակվի, մինչև վերջին կայմը այլևս չերևա ծովի մեջ, դեռևս ուշ չէ: Արտաքին քաղաքական կողմնորոշումը կարող է երկու ձևով լինել: Առաջին ձևը շատ ավելի կրավորական է, ցավոք սրտի, դա մեզ համար շատ ավելի, այսպես ասենք, ամենաքիչ ոչ ռեալն է, դա կողմնորոշումն է դեպի Եվրոպա կամ Արևմուտք: Թող ոչ ոք չշտապի քարեր նետել ինձ վրա, բայց դա իսկապես կողմնորոշում է: Վատ, լավ. կարող ենք քննադատել Եվրոպային շատ բաներում, բայց քննադատելու հետ մի րոպե աչքներս դարձնենք դեպի Ռուսաստան կամ Եվրասիա՝ տեսնելու, թե այնտեղ քննադատելու բան չկա՞: Ես հաղորդման էի մասնակցում, Ռուսաստանի, Եվրոպայի հետ կապված խնդիրներ էին քննարկվում, և ինձ անընդհատ ասում էին՝ միասեռականության խնդիրը չենք ուզում Եվրոպայից գա: Լավ, ուրիշ լավ բան չկա՞ Եվրոպայում վերցնելու, բերելու: Կամ եթե համարում եք, որ Ռուսաստանում ամեն ինչ լավ է, այնտեղ չկա՞ այլասերվածություն:
– Ուղղակի Ռուսաստանը շատ հմտորեն դա շահարկում է:
– Իհարկե, դա շահարկում է և՛ իր եկեղեցու միջոցով, և՛ իր քարոզչության միջոցով և այլն: Այլընտրանքային կողմնորոշումը կարող է գաղափարական թարմություն բերել ինչ-որ դաշտ, որի վրա մենք կարող ենք ինչ-որ բան փնտրել և միգուցե ուրիշ բան գտնենք, գուցե մենք Իրան ենք գտնում կամ ուրիշ բան, բայց անընդհատ նույն ցիկլի մեջ, 300 տարի անընդհատ նույն պատկերը, նույն կուրությունը. չտեսնել, որ այն կողմում չկա որևէ բան, որը ձեզ կփրկի, եթե այն կողմում չսկսվի հեղափոխություն: Այսպես ասենք՝ եթե Ռուսաստանը մնա այն ծիրի մեջ, որով հիմա գնում է, Հայաստանը տեղ չունի որպես պետություն, որպես միավոր, որպես ազգ, որպես ժողովուրդ: Այստեղ կլինի ինչ-որ բնակչություն, որը կսպասարկի իրենց բազաներին: Դա է ընդամենը, եթե Ռուսաստանում փոփոխություններ չնշմարվեն: Եթե այնտեղ փոփոխություն նշմարվի, համաձայն եմ, որ հնարավոր է, որ իրենց ալիքի ուժով, ինչպես 91թ., ինչպես 1 դար առաջ էլի հեղափոխական շարժումները մինչև բոլշևիկյան հեղափոխությունը և նաև հետո էլ, բոլշևիկյան հեղափոխության մեջ միայն վատ բաներ չէին, դրական բաներ էլ կային՝ մանավանդ առաջին տարիներին… Որպեսզի ճիշտ հասկացվի ասածս. ինձ համար Ռուսաստան կլինի, թե Եվրոպա կլինի, եթե մենք էլի կուրորեն… ինչպես այսօր տեսնում ենք, կարծես թե Սերժ Սարգսյանը հանդիպումներ է ունենում ԵՄ-ի, ԱՄՆ-ի պաշտոնյաների հետ, բայց էլի կարծես թե նա պասիվ դիրքերում է:
– Կարծում եմ, որ այդ նախաձեռնությունը նորից հանդես է բերում իշխանությունը, այսինքն՝ այդ նախաձեռնությունն ինքնին պաշտպանված չէ հասարակական տրամադրություններով և աջակցությամբ: Ուստի իշխանությունը կարողանում է միանձնյա որոշել բանակցություններ սկսել ԵՄ հետ, կասեցնել առանց հաշվետվության, որովհետև հասարակությունը նրան չի պատվիրակել բանակցել կամ կասեցնել: Ուստի իշխանությանը մնում է կոնյունկտուրային հարմարեցնել իր նպատակահարմարությանը, իր շահերին հարմարեցնել բանակցությունը:
– Ինչու չէ՝ նաև իրենց անձնական շահերին: Ես պատկերացնում եմ ինչ-որ մի իքս իրավիճակ, որի դեպքում էլի հասարակության աջակցությունը չկա, որովհետև մեր հասարակությունն այնպիսի կաթվածահար, գլխատված վիճակում է, հասցված զրոյական վիճակի՝ իր կենցաղային և բոլոր տեսակի խնդիրներով և նաև ռուսամոլությամբ, մերոնց 95 տոկոսը Ռուսաստանից այն կողմ ոչինչ չի տեսնում:
– Հետաքրքիր է՝ բոլոր նրանք, ովքեր հղում են կատարում մարդու իրավունքներին, կեղծարարության, զեղծարարությունների մասին բոլոր զեկույցները հիշատակելիս մատնանշում են եվրոպական դիտորդների գնահատականները, բայց հետո իրենք ԵՏՄ անդամակցությանը կողմ են քվեարկում խորհրդարանում:
– Եվրոպական ընտրություն կլինի, ամերիկյան կլինի, թե ռուսական ընտրություն կլինի, եթե դա արվում է պասիվ, կրավորական դիրքերից, եթե մենք ասում ենք՝ եկեք մեզ փրկեք, ոչ մեկին էլ պետք չէ: Ես կարծում եմ, որ Հայաստանի Հանրապետությունը դեռևս շարունակում է գոյություն ունենալ, որովհետև, ըստ երևույթին, ԱՄՆ-ին դեռևս այստեղ պետք է Հայաստանի պետություն: Բայց մենք պետք է գիտակցենք՝ լավ, այսօր պետք է, մենք այսպես պահպանվում ենք, վաղը կարող է պետք չլինել, և քանի որ պետք է, ուրեմն մտածենք օգտվել առիթից:
– Եվ այնպես անենք, որ հարատև պետք լինենք:
– Վերադառնամ սկզբնական մտքին՝ եթե մենք նոր գաղափար ենք ուզում, ի վերջո՝ այդ երկրորդ առավել ոչ ռեալը, դա Հայաստանի հայացքն է տարածաշրջանին: Այսինքն՝ ինքը դառնա խաղացող և ինչ-որ միության անդամ դառնա, իր կողմնորոշումը լինի իր տարածաշրջանը: Ժամանակին Տիգրան Հայրապետյանն ասում էր՝ դա կլինի Միջին Արևելքը, միջինարևելյան ընդհանուր տան գաղափարն էր առաջ քաշում: Այսօր Միջին Արևելքում մեր գնացքը վաղուց է գնացել, հնարավոր չէ նախաձեռնողական գործունեություն ձեռք բերել, որպեսզի կարողանանք միջինարևելյան խաղաղության գործընթացներին մասնակցել: Բայց այսօր տեսնում եմ միջազգային քաղաքագիտական մտքի ուշադրությունը ավելի շատ կովկասյան տարածաշրջանի վրա է, հիմա Կովկասը դարձել է տարածաշրջանային միավոր, առանձնացվել է, ինձ թվում է՝ խաղաքարտը Կովկասի վրա է: Ոչ միայն Անդրկովկասը, Մեծ Կովկասը, կարծում եմ, որ շատ հեռակա ինչ-որ մի ծրագրում է և անվտանգության առումով ինչ-որ ապագա մի միության միավոր է, որն, իհարկե, կլինի այն դեպքում, եթե իսկապես Ռուսաստանը որպես կայսրություն քանդվի: Բայց դրանք հարցականների դիրքում մենք պետք է հաշվի առնենք, որովհետև մենք հենց մեջն ենք:
– Այդպիսի հավանականությունն ուղղակի չմերժենք:
– Դրա շուրջ կարող է միտք ծավալվել, և՛ արվեստը կարող է լծվել դրան, և՛ գիտությունը:
– Դուք գործի բերմամբ երկար ժամանակ դրսում եք լինում, աշխատում եք դրսում: Անցյալ տարին իսկապես հատկանշական և կարևոր էր Հայաստանի համար, հայ ժողովրդի համար ընդհանրապես, Ցեղասպանության և ինքնության հարցերը նույնականացրած մեր ժողովուրդը բավականին լուրջ ասելիք ունեցավ ամբողջ աշխարհին: Բոլոր առաջատար պարբերականները, մեդիայի բոլոր միջոցները հատկապես գարնանը շատ խոսեցին հայկական հարցի, հայերի մասին: Համարժեք չէր մեր նման փոքր երկրի և ազգի ծավալներին և նշանակությանը: Այստեղ կա անելիք և ասելիք, և եթե մենք կարողանանք մեր ներսից առաջացնենք այդ գաղափարները, իսկապես կարողանանք այդ ուժը գտնել, ուրեմն կա այդպիսի հնարավորություն:
– Աշխարհը մեզ պարբերաբար տվել է և տալիս է հնարավորություններ, որից մենք չենք օգտվում: Հովհ. Թումանյանի «Անխելք մարդը» հեքիաթի հերոսի նման ասում ենք՝ չէ, ի՞նչ եմ անում սրանք, Աստված ինձ բախտ է տվել, պիտի գնամ բախտիս հետևից: Զարմանալի է. լավ, այս կողմում տգետ են, մյուս կողմում ձեռնհաս չեն, չկա՞ մի մարդ այս երկրում, որը տեսնում է, որը իր տեղում է և կարող է այդ ուղղությամբ զարգացնել: Ես չեմ կարծում, որ չկա, բայց ըստ երևույթին մի համընդհանուր ճնշվածություն կա, որ խանգարում է, վհատվածություն, անվստահություն սեփական ուժերի նկատմամբ: Անհավատություն կա, չեմ ասում Աստծո, եկեղեցու նկատմամբ, ընդհանրապես անհավատություն, որովհետև եթե մարդը մատիտ է վերցնում և նկարում է, և եթե չհավատաց դրան… Հավատը մի տեսակ հետաքրքիր հոգեվիճակ է, եթե դու հավատում ես ինչ-որ բանի, դա ստացվում է, արվեստագետները կասեն, որ դա ինչ-որ իռացիոնալ բան է, որ իրենց մոտ էլ դա այդպես է, ստացվում է. չես մտածում, բայց հավատալով անում ես, ստացվում է: Պակասում է հավատը: Վհատվածությունը շատ բարձր աստիճանի է: Անշրջելիության գաղափարը, որ էլի հրապարակ նետվեց շատ անպատեհ ձևով, թող ներեն ինձ բոլորը, չի կարելի այդպիսի բան ասել: Անշրջելի կլինի միայն այն դեպքում, երբ խորտակվի նավի վերջին կայմը, և կասես՝ ես լողալով կհասնեմ ափ: Դրանք վերջակետեր են, էն ժամանակ ասվում էր. «Ժողովո՛ւրդ, վատ է ու գնալով ավելի վատ է լինելու», հիմա էլ ասվում է. «Անշրջելի է»: Դա շատ վատ է, չի կարելի այդպես ասել:
– Խիզախում է պետք շրջելու համար և ասելու, որ այդ անշրջելի ասվածը ճիշտ չէ:
– Պետք է ասել, որ չկա անշրջելի որևէ բան, մի՛ վհատվեք, եկեք մտածենք: Մեր ժողովուրդն իսկապես բազմաչարչար է, ոչ այն իմաստով, որ միշտ ասվում է, բազմաչարչար է հենց նրանով, որ իրեն ոչ ոք չի տալիս սեփական արժեքի գիտակցությունը:
– Եվ նրան անընդհատ պարտադրում են անշրջելիության գաղափարը:
– Հեռուստատեսությամբ մի պաշտոնյա էր խոսում, Ռուսաստանի և Եվրոպայի վերաբերյալ հարց տվեցին, ասաց. «Ախր Ռուսաստանը մե՜ծ երկիր է, մենք փոքր, ո՞նց կարող ենք դեմ գնալ»: Այ դա ամենամեծ սխալն է, որովհետև մեծությունը և փոքրությունը, աշխարհի բոլոր իմաստությունները ուսուցանում են, որ չափերի մեջ չէ: Տեսեք՝ այդ մեծ երկրին ոնց են ծնկի բերել մի շաբաթում. վաղը եթե ռուսական գազը չգնեն, մի շաբաթում այդ երկիրը կփլվի: Այսինքն՝ հարաբերական է այդ մեծություն-փոքրությունը նախ՝ ֆիզիկական առումով: «Առաջինները վերջին կլինեն, վերջիններն՝ առաջին». հավերժական իմաստություն է: Եվ երկրորդը՝ ոչ ֆիզիկական իմատով էլ չկա այդպիսի սահման, դու ինքդ ես քեզ ստիպել, ինքդ ես քեզ հավատացրել, որ դու փոքր ես, չնչին ես, նեղ ես: Լավ, ուշադիր նայե՛ք աշխարհի քարտեզին և պատմության քարտեզին: 17-րդ դարում Հոլանդիան ավելի փոքր երկիր էր, ընդ որում՝ կռվում էր իսպանացիների դեմ, ֆրանսիացիների դեմ, էդ ո՞նց եղավ, որ հոլանդական նավերը գրավեցին աշխարհը, և դարձավ ամենաառաջին գաղութատերը:
– Հավատացին:
– Իրենց ներքին հավատը իրենց նավարկության, իրենց ուժի նկատմամբ… Մարդիկ փնտրում էին, ինչ-որ բան էին փնտրում, մենք երևի չենք փնտրում:









































