ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին այսօր երկօրյա այցով կլինի Մոսկվայում, որտեղ ծրագրվում է քննարկել Ռուսաստանի և ԱՄՆ-ի միջև երկկողմ համագործակցության հարցերն ու առավել սուր միջազգային խնդիրները: Այս մասին հայտնում է ITAR-TASS-ը:
Ինչպես սպասվում է՝ այսօր ամերիկյան դիվանագիտության ղեկավարին կընդունի ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը: Բացի այդ, ծրագրված է Քերիի հանդիպումը ռուս գործընկեր Սերգեյ Լավրովի հետ: Ինչպես հաղորդել են ամերիկյան վարչակազմում՝ այցի ընթացքում պետքարտուղարը կհանդիպի նաև քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ:
Քերին անցած շաբաթ լրագրողների հետ զրույցի ժամանակ ասել է, որ այդ այցն ուշացել է: Նրա խոսքով՝ այցի ընթացքում նախատեսվում են քննարկումներ սիրիական և իրանական խնդիրներից մինչև առաջիկա Մեծ ութնյակի գագաթնաժողովին վերաբերող հարցեր:
Մոսկվայում այցի ավարտից հետո Քերին կուղևորվի Հռոմ, որտեղ կհանդիպի Իտալիայի ղեկավարների հետ, ինչպես նաև Հորդանանի արտգործնախարար Նասեր Ջաուդի և Իսրայելի արդարադատության նախարար Ցիպի Լիվնիի հետ:












































