Վրաստանի նախագահ Միխեիլ Սաակաշվիլին հայտարարել է, որ բոսթոնյան ահաբեկչության կասկածյալին Վրաստանի հետ կապելը «սովորական ռուսական պատմություն է»: Այդ մասին նա հայտարարել է Sky News բրիտանական հեռուստաալիքին տված հարցազրույցում: Պատասխանելով լրագրողի այն հարցին, թե ճի՞շտ են այն լուրերը, որ կասկածյալ Թամերլան Ցարնաևը նախապատրաստվել է Վրաստանում, Սաակաշվիլին ասել է, որ ռուսական կողմից Վրաստանի հասցեին նման բազմաթիվ կեղծ մեղադրանքներ են տարածվել:
Նախագահի խոսքերով՝ 20-րդ դարի 90-ական թթ. հենց ռուսներն էին նախապատրաստում չեչեններին՝ Աբխազիայում պատերազմին մասնակցելու համար:
«Որքան ինձ հայտնի է, բոսթոնյան ահաբեկչության մեղադրյալներն ընդհանրապես Վրաստանում չեն եղել: Երբ Ռուսաստանը ցանկանում է միջամտել մեր ներքին քաղաքականությանը, միշտ նման մեղադրանքներ է հնարում»,- հայտարարել է Սաակաշվիլին՝ նշելով, որ Վրաստանը մեծ ավանդ ունի միջազգային ահաբեկչության դեմ պայքարում:
Հիշեցնենք, որ Ցարնաև եղբայրները՝ Թամերլանն ու Ջոհարը, մեղադրվում են ապրիլի 15-ին Բոսթոնի ամենամյա մարաթոնի ժամանակ ահաբեկչություն իրականացնելու մեջ: Երկու պայթյունների զոհ են դարձել երեք մարդ, վիրավոր են 280-ը:









































