Սիրիայի իշխանությունները հրամայել են առանց նոր հրամանի սպասելու հարվածել Իսրայելում նկատվող նշանակետերին՝ ի պատասխան վերջինիս կողմից հարձակման ցանկացած փորձի։ Այս մասին տեղեկացնում են տեղական ԶԼՄ-ները՝ հղում կատարելով կառավարական աղբյուրներին:
ԶԼՄ-ների տվյալներով՝ կիրակի գիշերն Իսրայելի ռազմաօդային ուժերը ռմբակոծել են Դամասկոսի մերձակայքում գտնվող ռազմական բազան, իսկ դրանից առաջ Սիրիայում ոչնչացրել են «Հեզբոլլահի» համար նախատեսված հրթիռները: Հարձակման զոհ են դարձել սիրիացի 300 զինծառայողներ:
Սկզբում հաղորդվել էր, որ Իսրայելը հաստատել է ավիահարձակման մասին տեղեկատվությունը: Սակայն հետագայում պաշտպանության նախարարության ռազմաքաղաքական բաժնի ղեկավարն իր զարմանքն է հայտնել այդ կապակցությամբ և նշել է, որ դա կարող է հաստատել միայն Իսրայելի պաշտպանության բանակի մամլո ծառայությունը:
Այսպիսով, Սիրիայի տարածքի վրա Իսրայելի հարձակման վերաբերյալ որևէ պաշտոնական տեղեկատվություն չկա: Կիրակի երեկոյան հայտնի էր դարձել, որ սիրիացի զինծառայողներին հրամայվել է հրթիռային կայանները շրջել դեպի Իսրայել, որն իր հերթին փակել է Սիրիայի տարածքի հետ սահմանակից օդային ճանապարհը:
ԶԼՄ-ների տվյալներով՝ հարձակման նպատակը տակտիկական Fateh-110 հրթիռներն են եղել, որոնք Իրանը մատակարարում է լիբանանյան «Հեզբոլլահ» խմբավորմանը:











































