Իրաքի խորհրդարանի խոսնակ Ուսամա Ալ-Նաջեյֆին Սիրիայի նախագահ Բաշար Ալ-Ասադին կոչ է արել «օգտագործել իսրայելական հարձակմանը պատասխանելու իր իրավունքը», իսկ արաբական երկրներին՝ զբաղեցնել միասնական դիրքորոշում այդ իրադարձությունների հանդեպ: Այս մասին հաղորդում է RIA Novosti-ն՝ վկայակոչելով «Նահարնետ» առցանց պարբերականը:
Ալ-Նաջեյֆին հայտարարել է, որ Իսրայելը հարձակում է գործել արաբական հողի և արաբ ժողովրդի դեմ՝ բացահայտորեն խախտելով ՄԱԿ-ի կանոնադրությունը: Նա արաբական երկրներից պահանջել է միասնական դիրքորոշում ցուցաբերել՝ Սիրիայի տարածքի վրա իսրայելական հարձակման հանդեպ և դատապարտել ագրեսորին:
Իսրայելի կողմից Սիրիայի տարածքին հասցրած ավիահարվածները դատապարտել են Լիբանանը, Սուդանը, Ալժիրը և Եգիպտոսը: Տեղի ունեցածը քննադատության է ենթարկել նաև Արաբական պետությունների լիգայի գլխավոր քարտուղար Նաբիլ Ալ-Արաբին՝ ՄԱԿ Անվտանգության խորհրդին կոչ անելով անհապաղ գործողություններ իրականացնել, որպեսզի դադարեցվի իսրայելական ագրեսիան Սիրիայի դեմ:
Հիշեցնենք՝ ավելի վաղ մի շարք ԶԼՄ-ներ հաղորդել էին, որ մայիսի 3-ին և 5-ին Իսրայելն ավիահարված է հասցրել Սիրիայի տարածքին:








































