Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը դատապարտել է զինված մարդկանց «զզվելի և վախկոտ» հարձակումը Splendid հյուրանոցի վրա Բուրկինա-Ֆասոյի մայրաքաղաք Ուագադուգու քաղաքում: gazeta.ru-ի հաղորդմամբ՝ համապատասխան հայտարարությունը հրապարակել է Ելիսեյան պալատի մամլո ծառայությունը:
Օլանդի խոսքով՝ «ֆրանսիացի զինվորականներն աջակցում են Բուրկինա-Ֆասոյի ուժերին»: Նշվում է նաև, որ Օլանդը լրիվ աջակցություն է հայտնել Բուրկինա-Ֆասոյի նախագահին:
Ավելի վաղ հաղորդվել է, որ Բուրկինա-Ֆասոյի արտակարգ ծառայությունները սրճարանի տեռասին 10 սպանվածի մարմին են հայտնաբերել, որը գնդակոծվել է երկրի մայրաքաղաքում հյուրանոցի գրավումից առաջ:
Նախնական տվյալներով՝ հարձակումն իրագործել են իսլամիստ-գրոհայիններ: Հարձակման պատասխանատվությունը ստանձնել է «Ալ-Քաիդա» ահաբեկչական խմբավորումը:












































