Հյուսիսատլանտյան դաշինքը չի մեկնաբանում Սիրիայի տարածքին Իսրայելի հասցրած ավիահարվածի մասին հաղորդագրությունները: Ինչպես հաղորդում է ITAR-TASS-ը, այս մասին հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսենը:
«Ես տեղյակ եմ այս մասին ԶԼՄ-ների հաղորդագրություններից: Ինչ վերաբերում է հետախուզական բնույթի տեղեկատվությանը, ապա դաշինքն այն սկզբունքորեն չի մեկնաբանում»,- ընդգծել է Ռասմուսենը և հավելել, որ ՆԱՏՕ-ի ՀՀՊ առաքելության գոտում օդային տարածքում (Սիրիային սահմանակից Թուրքիայի շրջան) որևէ ակտիվություն չի գրանցվել:
Ռասմուսենի խոսքով՝ ՆԱՏՕ-ի դիրքորոշումը Սիրիայի հակամարտության հանդեպ չի փոխվել. դաշինքի նպատակն է ապահովել իր անդամների անվտանգությունը, տվյալ դեպքում՝ Թուրքիայում:
Լրագրողների հարցին՝ արդյոք ՆԱՏՕ-ն չի՞ կարծում, որ եկել է Սիրիայի հակամարտությանը միջամտելու ժամանակը, Ռասմուսենը պատասխանել է, որ դաշինքը շարունակվում է մտահոգված մնալ հակամարտության գոտում տիրող հումանիտար վիճակի կապակցությամբ, որի հետևանքով արդեն զոհվել է ավելի քան 70 հազար մարդ, իսկ ավելի քան մեկ միլիոնը փախստական են դարձել:











































