ԲՀԿ նախընտրական շտաբը հայտարարություն է տարածել,որում մասնավորապես ասվում է. ««Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախընտրական շտաբը շնորհակալություն է հայտնում բոլոր այն երևանցիներին, ովքեր մայիսի 5-ին քվեարկել են սեփական խղճի և քաղաքական համոզմունքների համաձայն՝ անկախ նրանից, թե որ կուսակցությանն են տվել իրենց ձայնը: ԲՀԿ նախընտրական շտաբը շնորհակալություն է հայտնում նաեւ բոլոր այն քաղաքացիներին, ովքեր քվեարկել են ԲՀԿ օգտին:
Վստահեցնում ենք՝ ձեզանից յուրաքանչյուրի ձայնը մեզ համար կարևոր է հետագա քաղաքական պատասխանատվության և հետագա ծրագրերի մշակման համար:
Թե ինչպես անցան ընտրությունները` արձանագրեցին զանգվածային լրատվության բազմաթիվ միջոցներ, դիտորդական կազմակերպություններ, կազմվեցին տասնյակ արձանագրություններ, գրվեցին հատուկ կարծիքներ: ԲՀԿ նախընտրական շտաբն առաջիկա օրերին կվերլուծի կուտակված տեղեկատվությունն ու փաստերը: Մայիսի 5-ի ավագանու ընտրությունները հերթական անգամ ցույց տվեցին, որ ընտրական մեխանիզմը մեր երկրում կարիք ունի հիմնովին վերափոխման»:
Լուսանկարը` PanARMENIAN Photo-ի






































