Արդեն ավելի քան մեկ շաբաթ Սաուդյան Արաբիայում շարունակվող տեղատարափ անձրևների հետևանքով զոհվածների թիվը հասել է 25-ի: Այս մասին հայտնում է «Սինհուա» գործակալությունը:
Ավելի վաղ հաղորդվել էր 13 զոհի մասին: Տեղի իշխանությունների ներկայացուցիչների խոսքով՝ ներկայում անհետ կորած է համարվում երկու մարդ:
Հորդառատ անձրևները թագավորությունում սկսվել են ապրիլի վերջին: Տեղումների նման աննախադեպ քանակություն Արաբական թերակղզում չէր նկատվել արդեն 25 տարի: Այնուհանդերձ, ջրհեղեղները Սաուդյան Արաբիայի արևմտյան մասում՝ Կարմիր ծովի ափին, վերջին տարիներին հաճախ են կործանարար բնույթ կրում և բազմաթիվ մարդկանց կյանք խլում: Ամենաողբերգական հետևանքներին հանգեցրել է 2009-ի նոյեմբերի ջրհեղեղը Ջիդա քաղաքում, երբ զոհվել էր 123 մարդ, իսկ քաղաքին հասցվել էր վիթխարի նյութական վնաս:
Փորձագետների կարծիքով՝ Սաուդյան Արաբիայի կարմիրծովյան ափին հաճախակիացած կործանարար ջրհեղեղների գլխավոր պատճառը գլոբալ կլիմայական փոփոխություններն են:









































