«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը:
Ինչպես հայտնի է, այս տարի Հանրապետական կուսակցությունը պատրաստվում է համագումարի: ԱԺ Հանրապետական խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը մեր հարցին՝ հնարավո՞ր է ՀՀԿ առաջիկա համագումարով ազդարարվի Սերժ Սարգսյանի փաստացի հեռացումը քաղաքականությունից և հայտարարվի ՀՀԿ նոր թեկնածուի անունը, ասաց, որ նման բան չի սպասվում, իսկ ՀՀԿ առաջիկա համագումարի օրակարգը դեռ հստակեցված չէ: Միևնույն ժամանակ, նա վստահեցրեց, որ Սերժ Սարգսյանի ու Հովիկ Աբրահամյանի թիմերի միջև ՀՀԿ ապագա ծրագրերի հետ կապված մրցակցություն չկա. կա մեկ թիմ, որը ՀՀԿ-ն է:
Ինչ վերաբերում է կառավարությունում սպասվելիք փոփոխություններին և ՀՅԴ-ի ու ԲՀԿ-ի ներկայացուցիչների հնարավոր նշանակմանը կառավարության կազմում, ապա Բաղդասարյանը չհերքեց, որ նման առաջարկություններ կան, սակայն նրա կարծիքով, դա պետք է լինի միայն քաղաքական պատասխանատվություն ստանձնելուց հետո, առանց կոալիցիայի նման մասնակցությունը, ըստ ՀՀԿ-ականի, ճիշտ չէ:
– Պարոն Բաղդասարյան, հնարավո՞ր է՝ սահմանադրական փոփոխություններից հետո այս տարի կայանալիք ՀՀԿ համագումարում Հանրապետական կուսակցությունը լուծելու է ապագա նախագահի և վարչապետի թեկնածուի հարցը:
– Համագումարի օրակարգը դեռ մեզ մոտ քննարկված չէ, երբ որ կքննարկվի, այդ մասին լրացուցիչ կանդրադառնանք: Նման հարցեր չենք քննարկում, հիմա զբաղված ենք սահմանադրական բարեփոխումներից հետո օրենքների փոփոխությամբ:
– Հնարավո՞ր է՝ ՀՀԿ համագումարն արդեն իսկ ազդարարելու է Սերժ Սարգսյանի փաստացի հեռացումը մեծ քաղաքականությունից, քանի որ նա հայտարարել է, որ այլևս չի մասնակցելու և այլն, եթե սահմանադրական փոփոխություններն ընդունվեն:
– Ես արդեն ասացի, որ մենք դեռ քննարկումներ չենք կատարում, բայց դուք կարող եք հանգիստ լինել, Սերժ Սարգսյանը մինչև 2018թ. պետք է լինի որպես նախագահ և չի պատրաստվում այլ գործողություն կատարել: Դրանից հետո դադարելու են Սերժ Սարգսյանի լիազորությունները, և մենք պետք է նոր Սահմանադրությամբ գնանք առաջ:
– Խոսվում է կառավարությունում փոփոխությունների մասին, նաև ասվում է, որ հնարավոր է այլ քաղաքական ուժերից նախարարներ ներգրավվեն, սակայն դա չանվանվի կոալիցիա: Նման հեռանկարը հավանական համարո՞ւմ եք, կա այսօր նման քննարկում:
– Նման քննարկումներ չկան, քանի որ դա կոալիցիայի ածանցյալներն են ձեր ասածները, այսինքն՝ համագործակցությունը: Շոշափվում են նման առաջարկություններ մասնակցության տեսակետից, համագործակցության տեսակետից, համենայնդեպս այդ ամեն ինչը բերում է նրան, որ պետք է կրեն պատասխանատվություն: Ի՞նչ է նշանակում, եթե կոալիցիա չկա, եթե պետք է նախարարական պորտֆելներ վերցնեն և չկրե՞ն քաղաքական պատասխանատվություն, անձամբ իմ կարծիքն եմ ասում, որովհետև չենք քննարկել նման խնդիր: Ես այնքան էլ կողմնակից չեմ դրան, որովհետև այն քաղաքական ուժը, որը մասնակցություն կունենա կառավարության ձևավորմանը, նա նաև պետք է կրի քաղաքական պատասխանատվություն:
– Դաշնակցությունը և «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը արդեն իսկ հրապարակել են իրենց առաջարկները՝ Ընտրական օրենսգրքի հետ կապված, որքանո՞վ են դրանք ընդունելի Հանրապետականի համար:
– Բոլոր առաջարկությունները քննարկման ենթակա են, և ոչ միայն քաղաքական ուժերի, այլ նաև նախկինում միջազգային կառույցների, հասարակական կազմակերպությունների բարձրացրած մտահոգությունները, դրանք բոլորը քննարկման սեղանին են, և այժմ կառավարությունը սկսել է բուռն քննարկումներ Ընտրական օրենսգիրքը ներկայացնելու համար: Դրանք կքննարկվեն կառավարության համապատասխան խմբում, նաև ֆրակցիաներում արդեն ակտիվ քննարկումներ են գնում, քննարկվում են այն բոլոր մտահոգություններն ու առաջարկությունները, որոնք այս տարիների ընթացքում առաջացել են, և մտածում ենք, որ պետք է բոլորի սպառիչ պատասխաները տրվի, և ստեղծվի այնպիսի համակարգ, որը կարողանա այդ բոլոր մտահոգությունները փարատել:
– Ասացիք՝ կառավարությունում ակտիվ քննարկումներ են գնում. ո՞ր քաղաքական ուժերի հետ է կառավարությունը քննարկում Ընտրական օրենսգրքի հարցը:
– Կառավարությունում առայժմ իրենք են աշխատում, որովհետև հեղինակը պետք է լինի կառավարությունը, կառավարությունը կներկայացնի ԱԺ, որից հետո կսկսվի ակտիվ քննարկում լսումների միջոցով հանրային սեկտորի հետ, նաև քննարկումներ կլինեն միջազգային կառույցների հետ և ոչ միայն ԱԺ-ում ներկայացված քաղաքական ուժերի, այլ նաև արտախորհրդարանական քաղաքական ուժերի հետ լայնամասշտաբ քննարկումներ պետք է ծավալվեն ԱԺ-ում:
– Կայուն մեծամասնության վերաբերյալ ներկայացված առաջարկներից ո՞րն է ընդունելի Հանրապետական կուսակցության համար:
– Սահմանադրությամբ արդեն ամրագրված է կայուն մեծամասնություն, և այդ շրջանակներում բոլոր առաջարկները կքննարկվեն:
– 50+1 ձայների 3 ուժերից կազմված կոալիցիայի ընտրատարածքները կրճատելու հետ կապված կա՞ արդեն իսկ համաձայնություն:
– Քննարկումները դեռ առանձին ֆրակցիաներում են ծավալվել, դեռևս համատեղ քննարկումներ չեն եղել, բայց դրանք քննարկման սեղանին դրված են, և կան տարբեր կարծիքներ, տարբեր առաջարկություններ, նաև ՀՀԿ-ի կողմից արված: Արդեն ընդհանուր քննարկման ժամանակ, ինձ թվում է՝ դա այն հարցն է, որ մենք կգանք ընդհանուր հայտարարի:








































