Georgia Online-ի փոխանցմամբ՝ Ռուսաստանի հետ հարաբերությունների կարգավորման հարցերով Վրաստանի վարչապետի հատուկ ներկայացուցիչ Զուրաբ Աբաշիձեն լրագրողների հետ զրույցում հայտարարել է, որ «Գազպրոմի» հետ տարվող բանակցությունների հարցում վրացական ընդդիմության կողմից իշխանությունների հասցեին հնչեցրած քննադատությունները կապված են նախընտրական արշավի հետ։
Աբաշիձեն հայտարարել է, որ անկախ «Գազպրոմի» հետ բանակցելու անհրաժեշտության մասին Վրաստանի էներգետիկայի նախարարության ներկայացրած փաստարկներից՝ ընդդիմությունն ամեն դեպքում շարունակում է քննադատել։
Աբաշիձեն նկատել է, որ նախընտրական արշավի ժամանակ ընդդիմությանն անհրաժեշտ են իշխանություններին քննադատելու թեմաներ։
Նա ընդգծել է, որ եթե ընդդիմությանը մտահոգում է Վրաստանի էներգաանկախությունը, ապա չպետք է ռուսական ընկերություններին վաճառեր այդքան էլեկտրակայաններ. «Եթե նրանք այդքան մտահոգ են, ապա չպետք է այդքան էլեկտրակայան վաճառեին ռուսական ընկերություններին։ Որքանով տեղյակ եմ, նրանք ծրագրել էին վաճառել նաև խողովակաշարը»։








































