Վերջերս հեռուստաշոուի ժամանակ Չարլի Շինը հայտարարել է, որ որոշ ժամանակ առաջ ամբողջովին դադարեցրել է ՁԻԱՀ-ի դեմ դեղամիջոցների ընդունումը, հայտնում է 7days.ru-ն: «Արդյոք ես հասկանո՞մ եմ, որ ռիսկի եմ ենթարկում կյանքս: Իհարկե այո: Սակայն դա ինձ այնքան էլ չի անհանգստացնում: Ես դա նախկինում շատ անգամներ եմ արել»,- խոստովանել է Չարլին ուղիղ եթերում:
Այդ հայտարարությունը շատերին է զարմացրել. հենց այդ դեղամիջոցների շնորհիվ 50-ամյա դերասանին հաջողվել է ակնհայտ առաջընթացի հասնել իր առողջական վիճակի հարցում: Իսկ հիմա, երբ նա ինքնակամ խախտել է բժշկի ցուցումները, դադարեցրել է բուժումը, նրա հետազոտության արդյունքները նորից վատացել են: «Ես ուզում էի տեսնել՝ արդյոք ես իմ վիճակը կհաղթահարե՞մ առանց հաբերի: Ես ինձ լաբորատոր առնետի պես մի բան պատկերացրի: Բայց, բնականաբար, ես ոչ ոքի խորհուրդ չեմ տալիս հետևել իմ օրինակին: Դա ընդամենը իմ անձնական որոշումն է»,- ասել է Շինը:
Նույն շոուի ժամանակ պարզվել է, որ մեքսիկացի բժիշկ Սեմ Չոչոուան, որը պնդում է, որ ՁԻԱՀ-ի դեմ հրաշք միջոց է ստեղծել, իր օրգանիզմում ներարկել է Շինի վարակված արյունը: «Ես բացարձակապես չեմ կասկածում, որ իմ դեղն ինձ կօգնի առողջանալ: Եթե ես 100%-ով դրանում վստահ չլինեի, ես, բնականաբար, երբեք նման բան չէի անի»,- ասել է բժիշկը և նշել, որ եթե իր մեթոդը գործի, պատրաստվում է Շինին էլ համոզել փորձել իր բուժումը: Բայց պարզվել է՝ Չարլին առանց ապացույցների էլ հակված է ընդունելու մեքսիկացու առաջարկը: Միաժամանակ, նա դեռ չի պատրաստվում վերսկսել իրեն ավելի վաղ նշանակված բուժումը:








































