Ինչպես նկատում ենք, շնչառական հիվանդությունների պատկերը չի փոխվում, ավելանում են մահվան դեպքերը՝ կապված H1N1 վարակի հետ:
Առողջապահության փոխնախարար Սերգեյ Խաչատրյանը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց, որ դպրոցներում արձակուրդները երկարաձգելու միջոցառումն ունի կանխարգելիչ բնույթ. «Մենք ցանկանում ենք, որ այս ստաբիլ իրավիճակը շարունակվի, և երեխաները դպրոց հաճախեն այն ժամանակ, երբ ռիսկերը բացակայեն»:
Փոխնախարարը վստահեցրեց, որ հիվանդությունը նահանջում է, հիվանդության դեպքերը չեն ավելացել. «Մեր բոլոր համաճարակաբանները հայտարարում են, որ այսօր Հայաստանում համաճարակ չկա»:
Առողջապահության փոխնախարարը, համենայնդեպս, տասնյակից ավելի մահվան դեպքերը չի համարում համաճարակ հայտարարելու հիմք. «Համաճարակ հայտարարելը բավականին բարդ գործընթաց է, դա հայտարարելու համար մենք պիտի ունենանք հիմքեր: Համաճարակի դեպքում մեր նախորդ տարիների շեմային ցուցանիշից դեպքերի թիվը մի քանի անգամ՝ 5-6 անգամ, պետք է ավելի լինի: Մենք մեր նախորդ ամենավատ տարիներից, ամենաշատ հիվանդացության դեպքերից ընդամենը ունենք 1,5 անգամ ավելացում: Բայց սա չի նշանակում, որ մարդիկ կամ մենք պետք է ավելի թեթև նայենք հիվանդությանը: Մենք պետք է ամեն ինչ անենք՝ կանխարգելելու համար դրա հետագա տարածումը»:
Հարցին՝ ի՞նչ է անում առողջապահության նախարարությունը ապատեղեկատվությունը զսպելու համար, որովհետև մահվան բոլոր դեպքերը նախ համարվում են H1N1 վարակի հետևանք, իսկ հետո դրանց մի մասը հերքվում է, փոխնախարարն ասաց. «Այս տարի մենք բացարձակ բաց ու թափանցիկ տեղեկատվություն ենք հաղորդում: Մեր որոշ լրատվամիջոցներ կարծես փորձում են ճգնաժամի նման իրավիճակ ստեղծել, ինչը մեզ համար շատ տարօրինակ է»:
Սերգեյ Խաչատրյանի խոսքով՝ իհարկե, մահվան յուրաքանչյուր դեպք ցավալի է, բայց վիճակագրորեն և այլ երկրների համեմատությամբ «մենք աննախադեպ ցածր թվերի վրա ենք՝ շնորհիվ նաև այն բանի, որ ժամանակին տեղեկացրել ենք մարդկանց»:
Փոխնախարարը կոչ արեց հիվանդության ախտանշանների դեպքում չզբաղվել ինքնաբուժմամբ, առավել ևս չի կարելի հենց այնպես ընդունել հակաբիոտիկներ և անհրաշեշտ է անպայման դիմել բժշկի, որովհետև մահվան բոլոր դեպքերի ժամանակ հիվանդները ուշ են դիմել և բացի գրիպից՝ ունեցել են այլ ուղեկցող հիվանդություններ:









































