Էկվադորի նախագահ Ռաֆայել Կորեան «իրեն լավ պահելու» խնդրանքով դիմել է երկրում ԱՄՆ դեսպան Ադամ Նամին՝ կապված երկրում կամարտահայտման ազատության բացակայությունից բողոքող տեղի լրագրողների ակցիաներին մասնակցելու հետ: Այս մասին հայտնում է RIA Novosti-ն:
«Պարո´ն դեսպան, Ձեզ լավ դրսևորեք այս հողում, որը Ձեզ դիմավորել է հարգանքով»,- ասել է Կորեան:
Պետության ղեկավարի վրդովմունքն է հարուցել տեղեկությունն այն մասին, որ Նամը մասնակցել է Մամուլի ազատության համաշխարհային օրվան նվիրված լրագրողների ազգային միության կազմակերպած միջոցառմանը: Ելույթ ունեցողներից շատերը քննադատել են երկրի իշխանություններին: Նրանք կարծում են, որ երկրում բացակայում են լրագրողների մասնագիտական պարտականությունների կատարման համար անհրաժեշտ ազատության երաշխիքները:
Միջոցառման ընթացքում ԱՄՆ դեսպանը մյուս մասնակիցների հետ շենքի պատին գրել է ԱՄՆ 3-րդ նախագահի և Անկախության հռչակագրի հեղինակ Թոմաս Ջեֆերսոնի արտահայտությունը՝ «Անվտանգության միակ երաշխիքն ազատ մամուլն է»:
Էկվադորի նախագահը կարծում է, որ ազատ մամուլը կենսական անհրաժեշտություն է ժողովրդավարության համար՝ ընդգծելով, սակայն, որ վատ մամուլը սպանում է ժողովրդավարությունը:







































