Երեկ Ժիրայր Սեֆիլյանին հրավիրել էին Քննչական կոմիտե՝ հարցաքննության, որի ժամանակ նրան սպառնացել էին. Ժիրայր Սեֆիլյանի խոսքով՝ նրան ասել էին, որ եթե նա չդադարեցնի իր գործունեությունը, ապա կհայտնվի ճաղերի ետևում:
«Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատի քաղխորհրդի անդամ, «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում իշխանությունների այս պահվածքը պայմանավորեց այն հանգամանքով, որ նրանք երևի լավ են պատկերացնում իրավիճակը, որ «մի կայծից կարող է կրակ բռնկվել: Նաև մտավախություն ունեն, որ միջազգային գործընկերների աջակցությամբ կարող ենք ավելի մեծ քայլեր իրականացնել»:
Հարցին՝ ժողովուրդն արդեն պատրա՞ստ է հունվարի 22-ից շարունակվող պայքարին, Արմեն Մարտիրոսյանը պատասխանեց. «Ցանկացած փոփոխության համար անհրաժեշտ են ներքին և արտաքին համապատասխան պայմաններ: Մեր քաղաքացիների մոտ նկատվում են նաև ծայրահեղ մոտեցումներ: Մենք, իհարկե, քաղաքացիական խաղաղ անհնազանդության կողմնակից ենք, բայց քաղաքացիների մոտ այդ ծայրահեղ տրամադրությունները քանի գնում՝ ուժգնանում են: Ես կարծում եմ, որ Հայաստանի համար դա լավագույն ճանապարհը չէ»:
Մեր զրուցակցի կարծիքով՝ հասարակությունը չմոբիլիզացվեց նաև այն պատճառով, որ կար ընդդիմության նկատմամբ վստահության խնդիր:
Իսկ ինչ վերաբերում է 2017-ի ընտրություններին մասնակցությանը, ապա Արմեն Մարտիրոսյանը այդ հարցը առայժմ ժամանակավրեպ է համարում՝ հավելելով, որ իրենք գործում են արտահերթ ընտրությունների շրջանակում:








































