Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի ընտրվելուց մեկ տարի հետո Փարիզի փողոցներ են դուրս եկել նրա քաղաքականությունից դժգոհ տասնյակ հազարավոր մարդիկ:
Ինչպես հաղորդում է Le Figaro-ն, ներկայում Փարիզի կենտրոնական հրապարակներում, ըստ ոստիկանության տեղեկությունների, հավաքվել է ավելի քան 10 հազար մարդ: Սակայն ամբիոնից ելույթ ունեցող «Ձախ ճակատի» առաջնորդ Ժան-Լյուկ Մալենշոնը պնդում է, որ բողոքի ցույցերին մտադիր է մասնակցել 180 հազար մարդ:
Հատկանշական է, որ ցույցերին մասնակցում են մեծաթիվ կոմունիստներ, որոնք ավանդաբար սատարում են Օլանդի գլխավորած Սոցիալիստական կուսակցությանը: Բացի այդ, ինչպես 1in.am-ը տեղեկացրել է, այսօրվանից Ֆրանսիայում սկսել է խոշորագույն ընդդիմադիր «Միություն հանուն ժողովրդական շարժման» կուսակցության «Ձախողում» խորագրով ակցիան:
Ընդդիմադիրների նպատակն է ֆրանսիացիներին ցույց տալ, որ Օլանդն իշխանության մեկ տարում չի կարողացել կատարել իր նախընտրական խոստումները ու լուծել այնպիսի կարևոր խնդիր, ինչպիսին գործազրկությունն է:






































