ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Հովհաննես Սահակյանը անթույլատրելի ու անհանդուրժելի որակեց անցնող շաբաթվա ընթացքում ադրբեջանական դիպուկահարների կողմից սահմանին երեք հայ զինվորի սպանությունը: Իսկ հայկական կողմի պատասխանը, ըստ նրա, պետք է լինի համարժեք:
«Որպես հայ մարդ, որպես ՀՀ ԶՈՒ-ում ծառայած մարդ` կարծում եմ, որ նման պայմաններում հարկավոր է անպատասխան չթողնել կատարվածը: Պետք է երկուսի փոխարեն, խփեն, կրակեն ադրբեջանական տասից ավելի զինվորների, որպեսզի հասկանան, որ խաղաղ պայմաններում նման քայլերն անթույլատրելի են»,- մեկնաբանեց նա:
Սահակյանի խոսքերով, միջազգային հանրության համար Ադրբեջանի այս քայլերը պետք է ազդակ լինեն: «Նման քայլերով ադրբեջանական կողմը ևս մեկ անգամ ապացուցում է իր թուլությունն ու խնդիրը խաղաղ ճանապարհով լուծելու ոչ պատրաստակամությունը»,- նշեց նա:
Մեր դիտարկմանը, թե արդյո՞ք սա այն բանի հետևանքը չի, որ Սոչիում ստորագրված եռակողմ հայտարարության մեջ կողմերն ամրագրել են, որ «կձգտեն» պահպանել խաղաղությունը, այլ ոչ թե հստակ պարտավորություն են ստանձնել, պարոն Սահակյանը նկատեց.
«Ադրբեջանական կողմը ցանկացած թղթի տակ ստորագրելուց հետո միշտ էլ նույն քայլն է կատարում: Այսինքն` ստորագրությունը նրան չի պարտավորեցնում: Այստեղ հայի արժանապատվության և միջազգային հանրության խնդիրն է, որ ճնշումների միջոցով ստիպեն նրան տեր կանգնել իր ստորագրությանը»:









































