Նախօրեին ՄԱԿ-ի մարդու իրավունքների խորհուրդը ընդունել է բանաձև, որը դատապարտում է Սիրիայում խաղաղ ցուցարարների դեմ ուժի կիրառումը:
Այս մասին հաղորդում է Interfax գործակալությունը:
Բանաձևի օգտին քվեարկել են խորհրդի անդամ 26 երկրներ, 9-ը դեմ էին, 7-ը` ձեռնպահ: Բանաձևով ենթադրվում է Սիրիա ուղարկել հատուկ հանձնաժողով, որը կհետաքննի մարդու իրավունքների հնարավոր սահմանափակումներն ու խախտումները:
Բանաձևը պաշտպանել են ԱՄՆ-ն, Եվրամիության անդամ երկրները, աֆրիկյան և հարավամերիկյան որոշ երկրներ, այդ թվում` Ուրուգվայն ու Մեքսիկան: Դեմ են քվեարկել Ռուսաստանը, Չինաստանը, Պակիստանը, Կուբան, Էկվադորը:
Ուրբաթ օրը ԱՄՆ-ը պատժամիջոցներ է կիրառել սիրիացի որոշ պաշտոնյաների և զինված ուժերի ներկայացուցիչների դեմ` երկրում մարդու իրավունքների խախտման համար: Այս մասին հաղորդում է BBC-ն: Ցուցակում տեղ են գտել սիրիական բանակի բրիգադի ղեկավար Մահիր Ալ-Ասադը, Սիրիայի հետախուզության ղեկավար Ալի Մամլուքը, Դարաա քաղաքի քաղաքական անվտանգության ծառայության նախկին ղեկավար Աթիֆ Նաջիբը: Այս ցուցակում են նաև Սիրիայի հետախուզության և այդ երկրում Իրանի իսլամական հեղափոխության պահակազորի կորպուսի ներկայացուցիչները: ԱՄՆ բոլոր քաղաքացիներին արգելվում է որևէ գործարք իրականացնել այս անձանց և կազմակերպությունների հետ:
Երեկ Եվրամիության անդամ երկրները ձեռք են բերել նախնական համաձայնություն, որով պատժամիջոցներ են կիրառվելու Սիրիայի դեմ: Խոսքը վերաբերում է արաբական այդ երկիր զենքի ներմուծմանը: Այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը` մեջբերելով ԵՄ արտաքին գերատեսչության ղեկավար Քեթրին Էշթոնի խոսքերը: Բացի զենքի ներմուծման արգելքից, որոշում է կայացվել սառեցնել սիրիացի որոշ պաշտոնյաների հաշիվները և արգելել նրանց մուտքը ԵՄ տարածք: Եվրահանձնաժողովը նաև վերանայելու է Սիրիային տրամադրվող ամենամյա մոտ 43 մլն եվրո գումարի հարցը:








































