Միքայել Նալբանդյանի անվան դպրոցում տեղակայված 4 ընտրատեղամասերում ընտրությունը արտաքինից խաղաղ էր անցնում, ժամը 11.30-ի դրությամբ միջադեպեր չէին գրանցվել: ՀՀԿ-ականները ընտրողներին բերում էին երթուղայիններով, սակայն երթուղայինը կանգնում էր դպրոցի հետևի փողոցում:
Բակում կրկին հավաքված էին թաղի ներկայացուցիչները, ովքեր ամեն ընտրության ակտիվ դերակատարություն են ունենում հօգուտ իշխանական թեկնածուի: Սակայն ակնհայտ էր, որ նախկին էնտուզիազմը չկա:
Նշենք, որ իշխանության կողմից այս տարածքը վերահսկում է ՀՀԿ-ական նախարար Գագիկ Բեգլարյանը, ով այդպես էլ չընդգրկվեց ՀՀԿ ավագանու ցուցակում: Մյուս կուսակցությունները նույնպես աչալուրջ են, ԲՀԿ ներկայացուցիչը շրջում է ընտրատեղամասերով և հորդորում ԲՀԿ վստահված անձանց ու հանձնաժողովի անդամներին իրեն դիմել` եթե որևէ խնդիր ունենան: «Ժամը 11-ի դրությամբ մեծամասամբ տարեցներ, զառամյալներ, սոցիալապես անապահով խավն է գալիս: Ակնհայտ է, որ նրանց բերում են»,- մեզ հետ զրույցում ասաց 9/4 ընտրատեղամասում ՀԱԿ վստահված անձ Գևորգ Գևորգյանը:








































