Անցած տարի, ծեծի հետևանքով սպանված ազատամարտիկ Վարդան Թումանյանի գործով պատրաստ է տուժող կողմի արտասահմանում պատվիրած անկախ փորձաքննության եզրակացությունը, ըստ որի՝ ազատամարտիկի մահը վրա է հասել ծեծի և գլխին ստացած բութ հարվածների հետևանքով։ Մինչդեռ, Հայաստանում իրականացված երկրորդ փորձաքննությունը փաստել էր, որ ազատամարտիկի մահվան պատճառը եղել է բնածին հիվանդությունը, իսկ ծեծը պարզապես համընկել է։
Տուժող կողմը վստահ է, որ այս եզրակացությունը, որը պատրաստվում են հաջորդ դատական նիստին ներկայացնել դատարան, պետք է ամբողջովին փոխի գործի ընթացքը։
Ի դեպ, ազատամարտիկի ծեծի գործով մեղադրյալներից Ջունգլ մականունով Գևորգ Սարգսյանի ընտանիքը շարունակում է ահաբեկել և սպառնալ ազատամարտիկի ընտանիքին։ Նախ Ջունգլի մայրը՝ Ելենա Սարգսյանը, որը գուշակություններով է զբաղվում, դատի է տվել ազատամարտիկի քրոջը, իր գործարար համբավն արատավորելու համար։
Բացի այդ, օրերս Ջունգլի հայրը՝ Բաբկեն Սարգսյանը հրապարակավ սպառնացել է Մարիետա Թումանյանին, իր ձևակերպմամբ՝ սատկացնել։
Նշենք, որ գործով բոլոր 4 մեղադրյալները, այդ թվում՝ Ջունգլն ազատության մեջ են։ Միայն վերջերս Սարգիս Ղուկասյանն է կալանավորվել, սակայն բոլորովին ուրիշ գործով։










































