Այսօր Գյումրի է այցելել ՀՀ ոստիկանության պետի ծառայության գծով տեղակալ, ոստիկանության գեներալ-լեյտենանտ Սաշա Աֆյանը՝ ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի հանձնարարականով: Այս մասին Գյումրիից հաղորդում է shamshyan.com-ը: Նրա փոխանցմամբ՝ քիչ առաջ ոստիկանության Շիրակի մարզային վարչությունում ՀՀ փոխոստիկանապետի և մարզի ոստիկանապետ, ոստիկանության գնդապետ Կարեն Բաբակեխյանի մասնակցությամբ ավարտվեց խորհրդակցությունը, որից հետո մի քանի խմբերով սկսեցին ուժեղացված ծառայությունը Շիրակի մարզում:
Հիշեցնենք, որ Գյումրիում ապրիլի 23-ին հնչած կրակոցներից հետո կազմակերպված օպերատիվ հետախուզական, ինչպես նաև իրավապահների կողմից իրականացված բացատրական աշխատանքների արդյունքում հայտնաբերվել և առգրավվել է մեծ քանակությամբ զենք-զինամթերք: Այսօր ֆոտոլրագրողը տեղեկացրել է նաև, որ ՀՀ ոստիկանապետի այցից և Շիրակի մարզի ոստիկանների կողմից հայտնաբերված զենք-զինամթերքին երեկ և այսօր ավելացել են նոր զենքեր և զինամթերքներ:









































