Այսօր Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը, դատավոր Ալեքսեյ Սուքոյանի նախագահությամբ, բավարարել է բլոգեր Տիգրան Քոչարյանի հայցն ընդդեմ «Կողմնակի անձանց Մ» ՍՊԸ-ի («Չորրորդ ինքնիշխանություն» օրաթերթ):Այս մասին հայտնում է «Հետքը»:
Տիգրան Քոչարյանը զրպարտության համար թերթից պահանջում էր 2 մլն դրամ, իսկ վիրավորանքի համար՝ 1 մլն: Հայցի հիմքը` 2012թ. հուլիսի 13-ի թերթի թիվ 616 համարում հրապարակված «Ֆաշիստն ու փիղը. ի պաշտպանություն փղերի» վերտառությամբ հոդվածում առկա արտահայտություններն էին, որոնք, ըստ բլոգերի ներկայացուցիչ Անահիտ Սարդարյանի, վիրավորական և զրպարտիչ բնույթի են:
Դատարանը բավարարել է Տիգրան Քոչարյանի զրպարտության հերքման, վիրավորանքի համար` հրապարակային ներողություն խնդրելու պահանջը, իսկ գումարային պահանջը բավարարել է մասնակի. բլոգերը 300 հազար դրամ փոխհատուցում կստանա վիրավորանքի, 200 հազար դրամ` զրպարտության, նույնքան էլ՝ դատական ծախսերի համար:
«Կարծում եմ` խորհրդանշական է, և մամուլի ազատության միջազգային օրը հրապարակված այս վճիռը կխթանի մամուլի զարգացմանը և պրոֆեսիոնալ լրագրողական դաշտի ձևավորմանը Հայաստանում»,- «Հետքի» հետ զրույցում ասաց փաստաբան Անահիտ Սարդարյանը:
«Չորրորդ ինքնիշխանություն» թերթից պարզաբանում ստանալ չի հաջողվել: Հեռախոսազանգերին չի պատասխանում նաև թերթի ներկայացուցիչ Վահե Հովսեփյանը:







































