Արգենտինայի Լա-Պլատա քաղաքի հազարավոր բնակիչները պահանջել են արդարադատությանը հանձնել իշխանութան ներկայացուցիչներին, որոնք չեն կարողացել հաղթահարել աղետի հետևանքները՝ հայտնում է RIA Novosti-ն: Քաղաքում ապրիլի սկզբին ջրհեղեղի հետևանքով զոհվել էր ավելի քան 50 մարդ:
Տուժածները կոչ են արել հրապարակել նաև զոհվածների մասին ամբողջական տվյալները ու ուղղակի ֆինանսական օգնություն տրամադրել այն բնակիչներին, ում ունեցվածքը ջրի տակ է անցել:
Պաշտոնական տեղեկությունների համաձայն՝ Լա-Պլատայում, որը երկրի մայրաքաղաքից գտնվում է 60 կմ հեռավորության վրա, զոհ է դարձել 52 մարդ:
Աղետի հասցրած վնասը գնահատվում է 500 մլն դոլար: Մասնակիորեն կամ ամբողջությամբ ջրածածկ են եղել 60 հազար շինություններ, ընդհանուր առմամբ տուժել է ավելի քան 350 հազար մարդ:
Երեկ երեկոյան Լա-Պլատայի կենտրոնում տեղի է ունեցել բազմահազարանոց ցույց, որի մասնակիցները դիմում են ստորագրել՝ պահանջելով հրապարակել «զոհերի իրական թիվը» ու պատժել անպատասխանատու քաղաքական գործիչներին:









































