Մադրիդի «Ռեալ»-ի նորանշանակ գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանն իր առաջին մամլո ասուլիսի ժամանակ կիսվել է իր տպավորություններով, տեղեկացնում է Real Madrid Info-ն:
«Իմ առաջին խոսքերը ես հասցեագրել եմ իմ ֆուտբոլիստներին: Դրանք պարզ խոսքեր էին՝ «Ուրախ եմ ձեզ հետ լինելու համար»: Մենք կներդնենք մեր բոլոր ուժերը, որպեսզի կարողանանք հասնել մեր նպատակներին: Այստեղ գնահատում են ֆուտբոլի որակը, և ես ցանկանում եմ համապատասխանել դրան: Թիմի յուրաքանչյուր ֆուտբոլիստ կարևոր է ակումբի համար: Խամեսը և Իսկոն նույնպես կարևոր են:
Չեմ ցանկանում համեմատվել Գվարդիոլայի հետ: Ես այստեղ եմ, որպեսզի կարողանամ հասնել փայլուն արդյունքի:
Այս ակումբին հաղթանակներ են պետք: Հաղթանակը Չեմպիոնների լիգայում հնարավոր է: Մենք դուրս ենք եկել այդ մրցաշարի կիսաեզրափակիչ փուլ և կփորձենք նվաճել բաղձալի գավաթը: Մարզչի խնդիրը հաղթանակներ տանելն է: Իմ խաղային անցյալը հաշվի չի առնվում: Սա նոր փուլ է ինձ համար:
Ծանոթ եմ Մոուրինյոյի և Անչելոտիի հետ: Միշտ էլ փորձել եմ օգուտ քաղել նրանցից: Կարծում եմ, որ Բենիտեսը լավ աշխատանք է կատարել: Նրան հաջողություն եմ ցանկանում:
Բեյլը համարվում է մեր թիմի առանցքային ֆուտբոլիստներից մեկը: Ես նրան կաջակցեմ, որպեսզի նա կարողանա շարունակել փայլուն խաղ ցուցադրել»,- ընդգծել է ֆրանսիացի մասնագետը:









































