Ավելի քան 20 հազար արգենտինացիներ, որոնք միջքաղաքային ավտոբուսների տոմսեր են գնել, չեն կարողացել հասնել նշանակետին. ավտոբուսի վարորդների համազգային գործադուլը կաթվածահար է արել երթևեկությունը: Այս մասին հայտնում է RIA Novosti-ն:
Օպերատոր ընկերությունների տվյալներով՝ արդեն չեղյալ է հայտարարվել շուրջ 500 ուղերթ, չեն աշխատում Արգենտինայի բազմաթիվ խոշոր քաղաքների ավտոկայանները:
Ավտոբուսները արգենտինացիների համար մնում են որպես հիմնական փոխադրամիջոց: Ներքին ավիաչվերթները քիչ են, ըստ այդմ՝ թանկ: Երկաթուղային տրանսպորտն էլ թույլ է զարգացած:
Գործադուլի կազմակերպիչներն արհմիություններն են, որոնք իշխանություններին ներկայացրել են վարորդների աշխատավարձերի բարձրացման ու «հեռացման սպառնալիքի» պրակտիկայից հրաժարվելու պահանջ:
Արդեն կայացել են արհմիությունների ներկայացուցիչների և աշխատանքի նախարարության բանակցությունները, սակայն կողմերը դեռևս համաձայնության չեն եկել: Արդյունքում արհմիություններն անժամկետ ակցիա են հայտարարել:








































