Այսօր Կանադայում մեկնարկում է գարնան հիասքանչ տոներից մեկը՝ կակաչների փառատոնը, որն ամեն տարի Օտտավայում սկսվում է մայիսի առաջին շաբաթը և շարունակվում ավելի քան երկու շաբաթ: Այս մասին հայտնում է Calend.ru-ն:
Ամեն տարի մայիսին կակաչների բազմագույն ծովերը հեղեղում են Կանադայի մայրաքաղաքը: Կակաչները Կանադային են ուղարկում հոլանդացիները՝ ի նշան երախտագիտության: Այդ ավանդույթը սկսվել է Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո: Այդ տարիներին Կանադան ապաստան է տրամադրել ֆաշիստական ռեժիմից փախած Նիդերլանդների թագավորական տանը: Մարգարետ թագուհին ծնվել է հենց Կանադայում, սակայն գահաժառանգ դառնալու համար պարտադիր էր, որ նա ծնվեր հայրենիքում:
1945 թվականին հայրենիք վերադառնալով՝ Հոլանդիայի արքայադուստր Յուլիանան կակաչի 100 հազար սոխուկ է ուղարկել Օտտավա՝ ի նշան երախտագիտության: Այդ ժամանակից ի վեր կակաչները դարձել են միջազգային ընկերակցության խորհրդանիշը:
Առաջին փառատոնն անցկացվել է 1953 թվականին: Ամեն տարի Հոլանդիայից ուղարկվում է 20 հազար սոխուկ, և այժմ Օտտավայում աճում են աշխարհում ամենաշատ կակաչները:
Կակաչների ծաղկման շրջանում Օտտավան վերածվում է աշխարհի ծաղկային մայրաքաղաքի: Ամեն տարի այս սեզոնին երկիր է այցելում ավելի քան 1.5 մլն զբոսաշրջիկ: Կակաչների ծաղկման վայրերում անցկացվում են էքսկուրսիաներ, կազմակերպվում են նորաձևության ցուցադրություններ՝ նվիրված գարնանային ծաղկին:









































