Լիբիայի մեծությամբ երկրորդ Բենղազի քաղաքում պայթյունի հետևանքով ավերվել է ոստիկանության կոմիսարիատի շենքը: Ինչպես հաղորդում է ITAR-TASS-ը՝ վկայակոչելով Լիբիայի ուժային կառույցներում իր աղբյուրներին, պայթյունի հետևանքով զոհեր չկան:
Տարածաշրջանային դիտորդների կարծիքով՝ պայթյունը, ամենայն հավանականությամբ, կազմակերպել են ծայրահեղական իսլամիստները:
Բարդ իրավիճակ է պահպանվում նաև Լիբիայի մայրաքաղաք Տրիպոլիում, որտեղ արդեն մի քանի օր է նախկին հեղափոխականների զինված ջոկատները շրջափակել են արտաքին գործերի և արդարադատության նախարարությունների շենքերը: Նրանք պահանջում են պետական կառույցները «մաքրել» երկրի նախկին առաջնորդ Մուամար Քադաֆիի հետ կապված աշխատակիցներից:
Զինված խմբավորման ներկայացուցիչներից մեկը հայտարարել է, որ շրջափակումը կշարունակվի այնքան ժամանակ, քանի դեռ չեն կատարվել նրանց պահանջները: Նրանք մասնավորապես պահանջում են, որպեսզի Լիբիայի խորհրդարանն ընդունի օրենք, որը կարգելի Քադաֆիի օրոք պաշտոնավարած մարդկանց պաշտոններ զբաղեցնել իշխանական մարմիններում:










































