«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է Սորբոնի համալսարանի քաղաքագիտության դոկտոր Հայկ Ա. Մարտիրոսյանը (Նյու Յորք):
– Պարոն Մարտիրոսյան տեսակետներ կան, թե նախագահական ընտրություններից հետո Րաֆֆի Հովհաննիսյանի պայքարն ավելի շատ քաղաքացիական էր, քան քաղաքական, հիմա՝ ավագանու ընտրություններով գոնե կարո՞ղ ենք ասել, որ պայքարը քաղաքական է:
– Պայքարը միշտ էլ եղել է քաղաքական: Եթե անձը գործում է քաղաքական դաշտում, քաղաքական կուսակցության ղեկավար է և անգամ մասնակցում է նախագահական ընտրություններին, զուտ քաղաքացիական պայքարի շրջանակներում նա որևէ կերպ չի կարող տեղավորվել: Քաղաքացիական պայքարի լավագույն օրինակը Հայաստանում Վարդգես Գասպարին է, որ ուղղահայաց կամ էլ հորիզոնական դիրքով քաղաքացիական անհնազանդության ցույցեր է անում: Դա զուտ քաղաքացիական պայքար է: Իսկ Րաֆֆի Հովհաննիսյանը, որպես քաղաքական գործիչ, մեծագույն ցանկության դեպքում անգամ չէր կարող ինքն իրեն դնել զուտ քաղաքացիկան հարթությունում: Պարզապես քաղաքացիական պայքարը նրա մարտավարության մի մասն էր: Եթե ավելի ճիշտ` Հովհաննիսյանը վարում էր քաղաքացիականով համեմված քաղաքական պայքար:
– Իսկ ի՞նչ էր առհասարակ ապրիլի 9-ը. այն ավելի շատ ուղերձ էր Րաֆֆի Հովհաննիսյանի՞ն, թե՞ այլ քաղաքական ուժերի: Կարո՞ղ ենք այս օրինակով ասել, որ իշխանությունն առանց արյան էլ կարող է պահել համակարգը:
– Ապրիլի 9-ին առայժմ դժվար է գնահատական տալը: Դա մի շարք ուժերի հաշվարկների լուրջ սխալ էր: Իսկ իշխանություն պահելը չի կարող ունենալ մշտական ֆորմուլա: Երբ սպառվում են անարյուն ճանապարհով իշխանության մնալու բոլոր տարբերակները, գործի են դրվում արյունահեղությամբ դա ապահովելու տարբերակները: Այս անգամ հաջողվեց առանց արյան, թեև ես չեմ կարծում որ մարտի 1-ից հետո իշխանությունը կհանդգներ կրկնել այն, ինչն իրեն մեծ դժվարությամբ հաջողվեց մարսել: Բացի այդ, ապրիլի 9-ին նախագահն այլ մարդ էր, քան մարտի 1-ին: Եվս մեկ անգամ ընդդիմադիրների վրա կրակ բացելը հավասարազոր կլիներ քաղաքական և ոչ միայն քաղաքական ինքնասպանության:
– «Բարգավաճ Հայաստան կուսակցությունը շանս ունի՞ ընդդիմություն դառնալու: Մի կողմից՝ Վարդան Օսկանյանը հայտարարում է այդ մասին, բայց մյուս կողմից էլ՝ այնտեղ հավաքված են մի շարք մարդիկ, որոնք ընդդիմություն լինելու համար չէ, որ կուսակցությունում են: Այդուհանդերձ ընդդիմադիր դառնալու որոշումը կուսակցության ներսում փոփոխություններ կարո՞ղ է առաջացնել: Ո՞րն է առհասարակ քաղաքագիտության մեջ ընդդիմադիր լինելու անատոմիան:
– Վարդան Օսկանյանն իր օրակարգն է առաջ մղում: Սերժ Սարգսյանի հետ նրա հարաբերությունները վերջնականապես փչացած են, և այդ առումով նախկին արտգործնախարարը հետդարձի ճանապարհ չունի, իսկ ԲՀԿ ներկայիս ձևաչափում նա իրեն չի կարողանում գտնել կամ կայանալ: Հետևաբար՝ Օսկանյանին ձեռնտու է միանշանակ ընդդիմադիր կեցվածք ընդունելը: Ինչ վերաբերում է ԲՀԿ-ի՝ ընդդիմություն դառնալու հնարավորությանը, ապա ես դա գրեթե բացառում եմ: Դա քաղաքական մեկ այլ ինքնասպանություն կլինի մի ուժի համար, որ անգամ դասական առումով քաղաքական ուժ չէ, կուսակցություն էլ չէ և անգամ շարժում չէ: ԲՀԿ-ն կապիտալի շուրջ խմբված մի խումբ անձանց խմբակ է, որ այդ կապիտալի և նրա ծնած իշխանության կորստի պարագայում այդտեղ որևէ անելիք չունի: Եվ կուսակցության ղեկավարն ինքն էլ հրաշալի հասկանում է, որ ընդդիմություն դառնալը կնշանակի անցում կատարել Բերեզովսկու` մահից առաջ ունեցած կարգավիճակին` այսինքն նախկին միլիարդատիրոջ և վտարանդի գործչի, և դա` լավագույն պարագայում: Ընդհանրապես` իմ խորին համոզմամբ` ԲՀԿ-ն կարճաժամկետ դրվագ է: Քաղաքականության մեջ և հատկապես էվոլյուցիայի պայմաններում նման կառույցները երբևէ երկար կյանք չեն ունենում: Դա դեմ է քաղաքական տրամաբանությանը և պատմության վկայություններին:
Իսկ ընդդիմության անատոմիան չափազանց պարզ է` իշխանության հստակ հակառակորդն ու հստակ հակակշիռը: Մնացած ձևակերպումներն ու ձևաչափերը թատերական և կեղծիքի ոլորտից են:
– Լավ, ենթադրենք, «ԲարգավաՃ Հայաստանն» իրեն ընդդիմադիր հռչակի, ի՞նչ կլինի Գագիկ Ծառուկյանի ունեցվածքի հետ այդ դեպքում: Շատ է խոսվում նաև, որ Վարդան Օսկանյանի թիկունքում կանգած է Ռոբերտ Քոչարյանը, ինչքանով՞ կարող ենք սա համարել Քոչարյանի ցանկությունը:
– Գագիկ Ծառուկյանի ունեցվածքի այն մասը, որ դեռևս Հայաստանի վարչական տիրույթում է, այդ սցենարի պարագայում կանցնի պետական բյուջեին, մի մասն էլ` կնստի մասնավոր մի քանի այլ անձանց հաշիվներին, իսկ արդյունաբերական և առևտրական հզորությունները կփոխանցվեն այլ անձանց: Դա հին, դասական և բազմիցս կիրառված սցենար է միջազգային պրակտիկայում: Ես կարծում եմ, որ Քոչարյանը կանգնած է Ծառուկյանի և ոչ` Օսկանյանի թիկունքում: Քոչարյանը հրաշալի բիզնեսմեն է` դրա դասական բոլոր բնորոշումներով: Իսկ բիզնեսմեններն աշխատում և ապրում են կապիտալի, այլ ոչ թե` ձախողված քաղաքական գործիչներին վերակենդանացնելու համար: Իմ համոզմամբ` Քոչարյանն ընդամենը հովանավորում է Օսկանյանին` նրան քաղաքական դաշտում ինչ-որ կերպ պահելու համար:
– Այն պնդումները, որ թվարակում է առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը՝ թե Գագիկ Ծառուկյանը նախագահական ընտրություններում Սարգսյանին չսատարեց, կոալիցիայից դուրս եկավ, կարո՞ղ է նշանակել արդյոք որ «Բարգավաճ Հայաստանը» պոկվել է իշխանական բուրգից:
– Ո՛չ: Դա կարող է նշանակել միայն, որ առաջին նախագահը կաշառված է, կամ կաշառվելու չափազանց մեծ ցանկություն ունի: Որևէ այլ բան այդ հայտարարությունը չի կարող նշանակել:
– Որքանո՞վ է արդիական Լևոն Տեր-Պետրոսյանի ասած բուրժուադեմոկրատական հեղափոխությունը:
– Գիտեք, Լևոն Տեր-Պետրոսյանը գեղեցիկ բառերի և բառախաղերի հրաշալի վարպետ է: Եթե կա մի բան, որ առաջին նախագահը լավ է արել և անում, դա բառերի և պատմական կամ քաղաքագիտական տերմինների աճպարարությունն է: Ընդհանրապես, աբսուրդ մտքերը չէի ցանկանա մեկնաբանել, որքան էլ դրանք ժամանակին երկրի ղեկավար եղած մարդունը լինեն: Պատմաբանը (թեկուզև խաչակիրների), վստահ եմ, որ հասկանում է, որ մի երկրում, որտեղ բուրժուազիա չկա, իսկ դրան փոխարինում է օլիգարխիան, բուրժուադեմոկրատական հեղափոխության մասին խոսելն անհեթեթություն է: Իսկ եթե բուրժուադեմոկրատական հեղափոխություն ասելով` առաջին նախագահն իրականում նկատի ունի օլիգարխադեմոկրատական հեղափոխություն, ապա դա ինքնին երկու հակառակ բևեռներից բաղկացած հասկացություն է, որ դարձյալ անհեթեթ է թվում, և որի ենթատեքստը հենց հակահեղափոխական է` իսկ այս պարագայում` հանցավոր: Իրականում` գեղեցիկ հնչող և պարզ ժողովրդին անհասկանալի այս եզրն օգտագործելով` Տեր-Պետրոսյանը հնչեցնում է այն գաղափարը, որ Հայաստանի մեծահարուստները պետք է հեղափոխություն կատարեն, որին կհետևի իշխանության հանձնումը ժողովրդին: Թե ովքեր են այդ մեծահարուստները, և թե որքան արագ նրանք կհանձնեն այդ իշխանությունը, կամ թե ինչպիսի հետևանքներ կարող է ունենալ նման երևակայական հեղափոխությունը` դժվար չէ պատկերացնել:
– ՀԱԿ–ն իր քարոզչության մեծ մասն անում է ոչ թե hօգուտ իրեն, այլ Տարոն Մարգարյանի դեմ. ասել է, թե ավելի շատ հակաքարոզչությամբ է զբաղված: Եթե հաշվի առնենք, որ այս նույնը չի կարող անել ԲՀԿ–ն, կարո՞ղ ենք երևույթն անվանել political spoilering:
– Հակաքարոզչությունը նույնպես քարոզչություն է և չափազանց արդյունավետ քարոզչություն: Օրինակ` ամերիկյան քաղաքական ողջ մշակույթն օգտվում է ոչ թե կամ ոչ միայն քարոզչությունից, այլ հակաքարոզչությունից: Իսկ թե ինչպես կանվանենք այդ երևույթը տվյալ պարագայում` այնքան էլ կարևոր չէ: Կարևոր է, որ ՀԱԿ-ն իրեն սպառելով` դեռևս հրապարակում է, և քանի որ սպառված է, որպես արժեզրկված խաղացող` փորձում է գոնե փոքրիկ վնասներ հասցնել հակառակորդին, միաժամանակ, որպես վարձատրություն, երրորդ մի ուժից փոքրիկ դիվիդենտներ ստանալ այդ փոքրիկ հարվածների դիմաց: Իսկ եթե անգլերեն եզր ենք ցանկանում, կարելի է այս պարագայի համար հնարել նորը` political self-selling։
– Ի վերջո, Երևանի ավագանու ընտրություններով քաղաքական ցի՞կլ է ավարտվում, թե՞ նորի սկիզբ է դրվում: Հիմնական դերակատարների մեջ այսուհետ կմտնի՞ արդյոք «Ժառանգությունը»։
– Հայաստանում քաղաքական ուժը միայն մեկ աստեղային ժամ է ունենում: Այժմ այդ կուսակցության խմբակցությունը խորհրդարանում առավել փոքրաթիվ է, քան նախկինում էր, իսկ նախագահական ընտրություններից հետո իշխանությունը նպատակ ունի ջախջախել նրա բոլոր խաղաթղթերը: Դա լուրջ մարտահրավեր է կուսակցության համար: Ինչ վերաբերում է քաղաքական ցիկլներին` ապա քաղաքական ցիկլն արդեն ավարտվել է: Ծնվում է նոր շրջան, որը լռությամբ և հանդարտությամբ կսկսվի, բայց որը հղի է չափազանց մեծ աղմուկով և անկայունությամբ:











































