ԱՄՆ իշխանությունները կմեծացնեն Սիրիայի ընդդիմությանը ցուցաբերվող օգնությունը, սակայն դեռևս չեն նախատեսում զենք մատակարարել նրան: Ինչպես հաղորդում է ITAR-TASS-ը, նման հայտարարությամբ հանդես է եկել Սպիտակ տան մամլո քարտողւար Ջեյ Քարնին՝ մեկնաբանելով TheWashington Post թերթում հրապարակված տեղեկատվությունն այն մասին, որ ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման պատրաստվում է կարգադրել զենք մատակարարել սիրիացի ապստամբներին:
«Համաձայն մեր քաղաքականության՝ մենք զենք չենք ուղարկել և չենք ուղարկում Սիրիայի ընդդիմությանը, սակայն մենք շարունակում ենք ուսումնասիրել մեզ մոտ առկա գործողության տարբերակները»,- ասել է Քարնին:
Նա հիշեցրել է, որ երեքշաբթի մամլո ասուլիսի ժամանակ Օբաման հաստատել է Սիրիայի հանդեպ ցանկացած քայլերի հնարավորությունը՝ ընդհուպ մինչև ռազմական ուժի կիրառում:
Քարնիի խոսքով՝ ԱՄՆ-ն այս հարցը քննարկում է իր ընկերների և դաշնակիցների, ինչպես նաև Սիրիայի ընդդիմության առանցքային խմբավորումներից մեկի՝ Ռազմական խորհրդի հետ, որը վերջերս սկսել է անմիջաբար ստանալ ամերիկյան օգնություն:
«Մենք նրանց տարբեր տեսակի օգնություն ենք տրամադրում, բայց ոչ սպառազինություն»,- հավելել է Քարնին:







































