Ամերիկյան տիեզերական NASA գործակալությունն ուսումնասիրությունների նպատակով նորագույն գիտական ամենագնաց կուղարկի Գրենլանդիա, որի տարածքի ավելի քան 80 տոկոսը ծածկված է սառույցով: Այս մասին հայտնում է ITAR-TASS-ը՝ հղում անելով NASA-ի տարածած հայտարարությանը:
Ռոբոտը, որը ստացել է «Գրովեր» անվանումը, մայիսի 3-ից հունիսի 8-ը կզբաղվի կղզու սառցածածկույթում փոփոխությունների տվյալների հավաքմամբ: Արևային մարտկոցներով աշխատող ինքնավար ամենագնացը գեոռադարի օգնությամբ կուսումնասիրի ձյան կուտակման գործընթացը, որը ժամանակի ընթացքում վերածվել է սառցադաշտի:
Գիտնականների հետաքրքրությունը մոլորակի ամենամեծ կղզու հանդեպ նկատելիորեն մեծացել է 2012-ի ամռան դեպքերից հետո: Այդ ժամանակ արբանյակները ընդամենը 4 օրում ֆիքսել էին Գրենլանդիայի սառցադաշտերի մակերևույթի 97 տոկոսի հալոցքի գործընթաց: Նման բան տեղի է ունենում 150 տարվա մեջ մեկ անգամ:








































