Այսօր «Էկոլուր» հ/կ նախագահ Ինգա Զարաֆյանը, մեզ հետ զրույցում անդրադառնալով կառավարության երեկվա նիստում ընդունված «Սևանա լճի վերականգնման, պահպանման և զարգացման հիմնադրամ» ոչ առևտրային կազմակերպություն ստեղծելու որոշմանը, որի հիմնական նպատակը Սևանա լճի վերականգնման, վերարտադրության, ջրի մաքրության պահպանման համար միջոցների ձեռքբերումն է, նշեց, որ ուզում է հավատալ այդ ծրագրի միջոցով լողափերի կարգավիճակների արդյունավետությանը, սակայն հավատալու ցանկությունը քիչ է:
Հիշեցնենք, որ հիմնադրամին կտրամադրվի 1 մլն դրամ այս գործն իրականացնելու համար:
Իսկ Սևանում վճարովի լողափների գները տատանվում են 2-10 հազ դրամի սահմաններում (2010 թ. տվյալներով), վրաններ խփելու դեպքում այդ գումարը կարող է կրկնապատկվել:
Ինգա Զարաֆյանի խոսքերով, մի քանի օր առաջ են եղել Սոտքում, անցել են Սևանի ափերով, որը նախատեսված է հասարակական հանգստի համար: «Նման պայմաններում մեզ մնում է միայն հույս ունենալ, որ այդ գումարը պետք է ծախսվի այդ ափերը հասարակությանը սպասարկելու համար ստանդարտ կարգավիճակի բերելու համար: Ներկա պահին, երբ լինում ես տեղում, հասկանում ես, որ այնտեղով նույնիսկ մեքենա չի կարող անցնել: Մենք ունենք լուսանկարներ այդ տարածքներից, և մնում է հուսալ, որ կառավարության որոշումը կծառայի նպատակին: Իսկ դա պահանջում է մեծ ներդրումներ, տեսնենք, թե որտեղից են այդ գումարները հայթայթելու: Սպասենք տեսնենք»,- ավելացրեց Ինգա Զարաֆյանը:











































