Ադրբեջանական APA լրատվական գործակալությանը տված հարցազրույցի ժամանակ Հայֆայի համալսարանի պրոֆեսոր Բրենդ Շաֆերն անդրադարձել է ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը։
«Այս հակամարտությունը մնում է չլուծված արդեն 20 տարի: Այժմ իրավիճակը լարված է շփման գծում: Գրեթե ամեն շաբաթ լուրեր են հաղորդվում բախումների մասին: Դա նշանակում է, որ իրավիճակը կարող է դուրս գալ վերահսկողությունից:
Բացի այդ, ներկայումս ԱՄՆ-ը և Ռուսաստանը գտնվում են բավական լավ հարաբերությունների մեջ: Սակայն նրանք նաև մրցակցում են ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում` փորձելով ստանձնել առաջնային դեր: ԱՄՆ-ը շահագրգռված է խնդրի կարգավորմամբ, քանի որ տնտեսապես հետաքրքրված է Հարավային Կովկասի էներգապաշարներով: Վերջին շրջանում Ռուսաստանը բավական ակտիվացել է այս հարցում, սակայն դիվանագիտությունը պետք է տարբերել ռեալ գործընթացից:
Հանդիպումների կազմակերպումը դեռ չի նշանակում, որ ցանկանում են լուծել հակամարտությունը: Հնարավոր է` դրանք ցուցադրական ակտեր լինեն: Միևնույն ժամանակ Ռուսաստանը միակ երկիրն է, որը կարող է ազդել Հայաստանի վրա:
Հարկ է նշել, որ Հարավային Կովկասը Ռուսաստանի համար առանցքային տարածաշրջան է, որը նպաստում է Միջին Ասիայի վրա վերահսկողության պահպանմանը: Մյուս կողմից էլ Ռուսաստանն այժմ ջերմ հարաբերությունների մեջ է Թուրքիայի հետ և ստիպված չէ երկար ժամանակ իր զորքերը պահել Հայաստանում` վերջինիս դիտարկելով որպես «թուրքական պատվարի»: Այս ամենին պետք է հավելել այն, որ Հարավային Կովկասում իրավիճակի սրումը բացասականորեն կանդրադառնա Հյուսիսային Կովկասի վրա:
Գոյություն ունի Հայաստանի վրա ներազդելու երկու լծակ. հայ-թուրքական սահմանի բացումը և Ղարաբաղում պատերազմի վերսկսումը: Թուրքիան մի շարք ներքաղաքական խնդիրների պատճառով շահագրգռված է սահմանների բացմամբ: Եվ ես կարծում եմ, որ սահմանների բացումը տեղի կունենա: Թուրքիան իսկապես ուղիներ է փնտրում, որպեսզի Հայաստանն Ադրբեջանին հանձնի Լեռնային Ղարաբաղին հարակից 1-2 շրջան:
Հիշեցնենք, որ Շաֆֆերն այսօր Ադրբեջանի նախագահին կից Ռազմավարական հետազոտությունների կենտրոնում (ՌՀԿ) մասնակցել է «Բարաք Օբամայի վարչակազմը և Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը» խորագրով կոնֆերանսին:








































