«Առաջին լրատվական»-ի տեղեկություններով՝ «ԱրմենՏել» ընկերությունը շուտով նոր գլխավոր տնօրեն է ունենալու՝ Անդրեյ Պիտախինը: Նա «Վիմպելկոմ»-ում իր աշխատանքային կարիերան սկսել է 2001 թվականից, երբ նշանակվել է այդ ընկերության Լիպեցկի մասնաճյուղի առևտրային տնօրեն: Լիպեցկն, ի դեպ, Ա. Պիտախինի ծննդավայրն է. նա ծնվել է 1975թ.:
2004թ. Պիտախինը նշանակվել է Ուրալի տարածաշրջանային մասնաճյուղի կոմերցիոն տնօրեն, 2006թ. «Վիմպելկոմի» նախ՝ Մոսկվայի մարզի, ապա ընդհանուր ընկերության կորպորատիվ վաճառքի գծով պատասխանատու: 2009թ. Ա. Պիտախինը եղել է Վրաստանում «Բիլայն» ընկերության ղեկավարը: Այստեղ նրան հաջողվել է ընկերության բաժանորդային բազան ավելացնել 2.5 անգամ, իսկ գործարքների եկամտաբերությունն ավելի քան 5 անգամ: Նման հաջողության շնորհիվ նա նշանակվել է «Վիմպելկոմի» Մոսկվայի տարածաշրջանային մասնաճյուղի փոխնախագահ: Եվ ահա, շուտով գալու է Հայաստան՝ ղեկավարելու «ԱրմենՏել» ընկերությունը:
Թե «ԱրմենՏելում», թե «Վիմպելկոմում» հույս ունեն, որ Ա. Պիտախինը կկարողանա ոտքի կանգնեցնել ընկերությունը, որը վերջին տարիներին հայտնվել է ֆինանսական և այլ խնդիրների առջև: Այսպես՝ «Բիլայնի» բաժանորդները սկսել են հրաժարվել այդ կապից:
Հիշեցնենք, որ «ԱրմենՏելի» նախկին տնօրեն Իգոր Կլիմկոն պաշտոնից ազատվել է պայմանագրի ժամկետի ավարտից 4 ամիս ավելի վաղ: Տեղեկություններ կային, որ նա ֆինանսական հսկայական չարաշահումներ է թույլ տվել, այդ պատճառով էլ հեռացվել է պաշտոնից: Ավելի ուշ տեղեկություններ կային, թե «ԱրմենՏելի» և Ի. Կլիմկոյի համար ֆինանսական խնդիրներ է առաջացրել ՊԵԿ նախագահ Գագիկ Խաչատրյանը՝ օգտագործելով հարկային կամ մաքսային լծակները: Այս դեպքում էլ տեղեկություններ էին շրջանառվում, թե Գ. Խաչատրյանն իր «Յուքոմ» ընկերության ինտերնետ ծառայությունը մալուխային ճանապարհով մատուցելու նպատակով ցանկանում էր օգտագործել «ԱրմենՏելի» դիտահորերը: Նա նույնիսկ ցանկացել է այդ ընկերությունից ձեռք բերել դիտահորերի ցանցը: Դրան ընդդիմացել է ընկերությունը՝ արդյունքում ձեռք բերելով ֆինանսական խնդիրներ: Ի դեպ, Գ. Խաչատրյանի եղբայրը՝ Սամվել Խաչատրյանը, աշխատում է նույն «ԱրմենՏելում», որտեղ մայիսի 7-ին նշանակվել է ֆիքսված կապի ցանցը շահագործող կառույցի ղեկավարը, իսկ դիտահորերը գտնվում են հենց այդ կառույցի համակարգման ներքո:







































