ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման դիտարկում է սիրիացի ընդդիմադիրներին զենք մատակարարելու հնարավորությունը՝ ի պատասխան երկրի իշխանությունների կողմից քիմիական զենքի կիրառման: Այս մասին հաղորդում է Deutsche Welle-ը:
Ամերիկյան ԶԼՄ-ները, վկայակոչելով Սպիտակ տան անանուն աղբյուրներին, հաղորդում են, որ որոշումը կարող է կայացվել մոտակա շաբաթներին:
Ավելի վաղ Օբաման հայտարարել է, որ ի պատասխան Սիրիայում քիմիական զենքի կիրառման՝ քննարկվում են «զանազան տարբերակներ»: Սակայն մինչև վերջնական որոշում կայացնելը պետք է լինեն քիմիական զենքի կիրառման հստակ ապացույցներ:
Միևնույն ժամանակ փորձագետները նշում են, որ ԱՄՆ նախագահը նախընտրում է Սիրիայում տիրող հակամարտությունը կարգավորել բանակցությունների միջոցով:








































